10:47 | 30.09.19 | Նորություններ | 10044

Ucom-ը WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է

Ucom ընկերությունը Երեւանում հոկտեմբերի 6-9 կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։

WCIT 2019-ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` UATE-ն։

Համաշխարհային մասշտաբով ամենակարեւոր ՏՏ իրադարձությունը Հայաստանում հյուրընկալելը հնարավոր է դարձել Ucom ընկերության համահիմնադիր եւ զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանի ջանքերի շնորհիվ, ով հանդիսանում է նաեւ WITSA տնօրենների խորհրդի անդամ եւ ԱՏՁՄ նախագահ։

«Բանակցությունների արդյունքը հայտնի է դարձել դեռեւս 2016 թվականի հոկտեմբերին, երբ Ucom-ի աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում ներդրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում տեղի ունեցած WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի էին արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ եւ պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։