11:22 | 27.09.19 | Նորություններ | 2339

15 ստարտափ կմասնակցի WCIT 2019-ի կայծակնային ռաունդներին

«Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը» սկսել է ֆոնդհայթայթում, որն ամբողջությամբ ուղղվելու է լավագույն ստարտափների մրցույթի հաղթողներին՝ հայկական տեխնոլոգիական համայնքի կողմից շնորհվող մրցանակային ֆոնդին։

«WCIT 2019»-ի ընթացքում Հայաստանի տեխնոհամայնքի նախաձեռնության մաս կարող են դառնալ տեղական բոլոր ՏՏ ընկերությունները։

ՏՏ համաշխարհային համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երեւանում անցկացվող WCIT 2019-ի ընթացում տեղի են ունենալու կայծակնային ռաունդներ, որոնց արդյունքում հաղթող ստարտափների համար կազմակերպչական կոմիտեն հայկական ՏՏ համայնքի անունից սահմանել է Armenian Tech Community Prize մրցանակը։

Մրցանակային ֆոնդը $105 հազ. է։ Մրցափուլն ամբողջ աշխարհից ձեռներեցներին ու նորարարներին եզակի հնարավորություն է տալիս իրենց բիզնես լուծումները ներկայացնելու տեխնոաշխարհի առաջնորդներին եւ մրցանակից բացի նաեւ ներդրումների հնարավորություն ստանալ։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ եւ պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

Կայծակնային ռաունդներին մասնակցելու համար արդեն դիմել է շուրջ 90 թիմ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից եւ այլն։ Կընտրվեն լավագույն 15-ը, իսկ հաղթողները կհայտարարվեն Երեւանում` «WCIT 2019»-ի փակման արարողությանը։ Մրցանակները կհանձնեն հայկական տեխնոհամայնքի հայտնի ներկայացուցիչները։

Մրցափուլերը կանցկացվեն միջոցառման երեք օրերին` հոկտեմբերի 7-9-ը։ Ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն համաժողովի պատվավոր հյուրերն ու բանախոսները։ Ամեն օր մրցույթին կմասնակցի 5 ստարտափ, որոնցից հաղթող կճանաչվեն 2-ը։ Առաջին տեղի հաղթողը կստանա $25 հազ., 2-րդ տեղինը` $10 հազ. մրցանակ։

Կայծակնային ռաունդների արդյունքում շնորհվող «Armenian Tech Community Prize»-ի համար արդեն նվիրատվություններ են արել «DataArt», «SmartClick AI», «Rafa Solutions», «AICA», «Heltun», «Seven Smarts», «WiMedia», «EasyDmarc», «The Crowdfunding Formula», «Himnark» ընկերություններն ու անհատներ։
Ֆինանսական ներդրումներ կարելի է անել անվանակարգի համար հատուկ բացված բանկային հաշվին` «Ինեկոբանկ» - 2052222084281006 (UATE)։