14:50 | 19.09.19 | Նորություններ | 2894

«N2» համաժողովի շրջանակում 6 միջոցառում կանցկացվի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը:

Համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար ոլորտի փորձագետների, ցանցային օպերատորների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինտերնետի եւ ՏՀՏ համայնքի այլ ներկայացուցիչների համար` ընդհանուր հետաքրքրությունները եւ գաղափարները քննարկելու, ոլորտի նոր միտումների մասին տեղեկանալու, փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորությունների բացահայտման նպատակով։

«Թվային տնտեսության զարգացման կարեւոր բաղադրիչներից մեկը ինտերնետի, ինտերնետային ենթակառուցվածքների զարգացումն է Հայաստանում` ինչպես Հայաստանի տարածքում ինտերնետի որակի եւ տարածվածության, այնպես էլ Հայաստանը ինտերնետի տարանցիկ երկիր դարձնելու համատեքստում: Մենք շատ կարեւորում ենք այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:

«N2» համաժողովի շրջանակներում ներառված է 6 միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը տեղեկացրել է, որ «Ցանցային օպերատորների խմբի համաժողով»-ն անցկացվելու է առաջին անգամ, որում ընդգրկված թեմաները կնպաստեն` հասկանալու թվային ապագայի արդի մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային հասարակության եւ ենթակառուցվածքների զարգացման համար ինտերնետի դերը, կիբեռանվտանգության, տվյալների գաղտնիության ապահովման եւ պաշտպանության կարեւորությունը:

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, իսկ «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը հնարավորություն կտա ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ անհատներին ստեղծելու հարթակ, որտեղ կքննարկվեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնց բախվում են Իրերի ինտերնետի մշակողները եւ օգտատերերը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանն էլ նշել է, որ Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովի օրակարգը ներառում է տվյալների տեղայնացմանը, թվային ապագայի զարգացմանը, կիբեռանվտանգությանը, գաղտնագրմանն առնչվող մի շարք արդիական հարցեր:

Նա նաեւ հավելել է, որ ICANN կազմակերպության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը տարածաշրջանային կարեւոր միջոցառում է, որտեղ համաշխարհային փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն DNS էկոհամակարգի անվտանգության, կայուն աշխատանքի հիմքերը եւ բազմալեզու ինտերնետի հնարավորությունները։

Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի օպերատորների միությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ICANN ընկերությունը (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա), «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, «RIPE NCC» ընկերությունը, «IoT» հետաքրքրությունների խումբը: