16:19 | 16.09.19 | Նորություններ | exclusive 7173

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի N2 ֆորումը

Հոկտեմբերի 10-12-ին Երեւանում կանցկացվի N2 Ֆորումը, որը կազմակերպվում, հյուրընկալվում եւ հովանավորվում է տեղական եւ միջազգային առաջատար կազմակերպությունների կողմից:

N2 ֆորումի սկիզբը կազդարարվի երեք զուգահեռ միջոցառումների մեկնարկով։

Հոկտեմբերի 10

- Հայկական Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), որի կազմակերպիչն ու հյուրընկալն է Ինտերնետ կառավարման խորհուրդը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Նշելով իր 5-րդ տարեդարձը՝ ArmIGF-ը կտրամադրի հարթակ բոլոր շահակիր խմբերին՝ ինտերնետի կառավարմանն առնչվող հարցերը վերհանելու, քննարկելու եւ քաղաքականության մշակման գործընթացների մասին տեղեկացնելու համար:

- Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), որի կազմակերպիչն ու հյուրընկալն է Հայաստանի օպերատորների միությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։

ArmNOG-ը կհամախմբի տարածաշրջանի տեխնոլոգիական փորձագետներին` քննարկելու հիմնական գործառնական խնդիրները եւ տարածելու գաղափարներ տարածաշրջանում Ինտերնետի զարգացման վերաբերյալ:

- Ինտերնետ հասարակության «Իրերի Ինտերնետ» աշխատաժողովը (IoT SIG Workshop), որի կազմակերպիչն է Ինտերնետ հասարակության Իրերի ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խումբը։

Աշխատաժողովին կմասնակցեն միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի ներկայացուցիչներ եւ պետական ու արդյունաբերական հատվածի ղեկավարները՝ քննարկելու զարգացող տնտեսություններին այս նոր տեխնոլոգիայի տրամադրման մարտահրավերներն ու հնարավորությունները։

Հոկտեմբերի 11

- RIPE NCC Բանկային աշխատաժողովը, որի կազմակերպիչն է RIPE NCC-ն, իսկ հյուրընկալը՝ Հայաստանի Կենտրոնական բանկը։

Աշխատաժողովը նախատեսված է բանկի մասնագետների եւ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների համար` նրանց հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներն ու ստանդարտները եւ Ինտերնետ էկոհամակարգը ներկայացնելու նպատակով։

- Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), որի կազմակերպիչը երիտասարդ նախաձեռնողների թիմն է՝ ձեւավորված բազմաշահառու սկզբունքով։

Միջոցառումը կազմակերպվում է առաջին անգամ՝ երիտասարդների կողմից եւ երիտասարդների համար։ Կքննարկվեն ինտերնետի վերաբերյալ արդիական թեմաներ՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդներին լսելի դարձնել իրենց կարծիքը այս արագ զարգացող ոլորտում։

Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին տեղի կունենա 4-րդ Արեւելաեվրոպական DNS համաժողովը (EEDNSF), որի կազմակերպիչն է ICANN (Հատկացված անունների եւ համարների Ինտերնետ կորպորացիա) ընկերությունը, իսկ հյուրընկալը՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն` .am դոմենային անունների տիրույթի Ռեգիստրը։

EEDNSF-ը տարածաշրջանային միջոցառում է եւ տարածաշրջանում ICANN-ի տեղեկատվական ջանքերից մեկը։ Նրա նպատակն է նպաստել իրազեկությանը եւ համագործակցություն ապահովել դոմենային անունների համակարգին (DNS) առնչվող բոլոր շահակիր կողմերի հետ: Միջոցառումը հնարավորություն է տալիս տարածաշրջանային հարթություն բերել DNS-ի վերաբերյալ համաշխարհային քննարկումները եւ բացահայտել հեռանկարները տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում։

Միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել համապատասխան կայքերում: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է նաեւ «N2 ֆորում»-ի կայքում։