14:30 | 16.09.19 | Նորություններ | 1378
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ եւ Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին:
Նախարարն անդրադարձել է թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը:
Հակոբ Արշակյանը նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու տնտեսության եւ սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների:
«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ եւ ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման եւ ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի եւ ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված ենք ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,- նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, եւ այլն:
«Հայաստանը ներկայում իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արեւելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական եւ Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի եւ Ասիայի հետ»,- նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին: