17:42 | 18.09.19 | Նորություններ | 12064

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» եւ Եվրոպական համալսարանի միջեւ այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը նախատեսում է համատեղ գործողություններ՝ ուղղված համալսարանի ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու կիրառական հմտությունների խորացմանը:

Հուշագիրը ստորագրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը:

Մասնավորապես՝ եռակողմ փաստաթղթի համաձայն, «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգեր» ամբիոնի ուսանողներից որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով կտրամադրվեն ուսումնական նյութեր ու ձեռնարկներ: Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Հուշագրի շրջանակներում նաեւ նախատեսվում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ առնվազն երեք տարին մեկ անգամ, ինչպես նաեւ վերջիններիս կողմից դասախոսություններին մասնակցություն եւ համադասավանդում:

«Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգեր» ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներին կտրվի հնարավորություն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Օժտված երիտասարդներին օգնելուն ուղղված մեր համագործակցությունը շարունակական է եւ դա շատ բնական է: Հեռահաղորդակցությունը դինամիկ զարգացում է ապրում, հետեւաբար՝ ուսումնական նյութերը, ուսումնասիրության առարկան պետք է մշտապես թարմացվեն: Դասախոսները նույնպես պետք է համապատասխանեն ժամանակի պահանջներին: Համալսարանի ու գործարար ոլորտի միջեւ կապը պետք է լինի մշտական: Բուհի գերնպատակն է աշխատաշուկան ապահովել պատրաստի, թարմ ու արդյունավետ կադրերով: Հիմնարար գիտելիքներն ու կիրառական հմտությունները պետք է դասավանդվեն ոչ թե առանձին-առանձին, այլ՝ զուգահեռաբար: Որակյալ կրթությունը տնտեսական աճի ու մարդկային զարգացման հիմնական միջոց է: Կրթության արդյունավետությունն է որոշում, թե որքան հուսալի կլինի մեր ապագան, որքան ուժեղ ու մրցունակ կլինեն մեր երիտասարդները», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ պայմանագրի ստորագրումը, քանի որ այն նաեւ առիթ էր հանդիսացել տարիներ առաջ նոր մասնագիտության ստեղծման, այն է` «Միկրոէլեկտրոնիկան հեռահաղորդակցության բնագավառում»։ Բազմաթիվ բարձր որակավորում ունեցող կադրեր են պատրաստվել այս ծրագրի շրջանակներում, նրանցից շատերը աշխատանքի են անցել Սինոփսիսում, ՎիվաՍել-ՄՏՍ-ում եւ այլ ՏՀՏ ընկերություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել այս ծրագրի իրականացման ակունքներում։ Հուսով եմ, որ երկար կշարունակվի այս համատեղ արդյունավետ համագործակցությունը», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն, Եվրոպական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը։

Մի կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների, մյուս կողմից՝ համալսարանի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 2011-ին:

«Տարիներ առաջ Եվրոպական համալսարանը ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների հետ համատեղ հիմք դրեց եռակողմ համագործակցության: Ձեւավորվեց «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգեր» ամբիոնը: Նպատակն էր ՀՀ բուհական համակարգում բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրականացումը: Ամբիոնի կողմից իրականացվող ծրագիրը տեղեկատվական եւ հեռահադորդակցության ոլորտում գերժամանակակից գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման հաջողված օրինակ է, ինչի մասին վկայում է աշխատաշուկայի պահանջարկը», - ասել է Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը։

«Սինոփսիս Արմենիայի» եւ համալսարանի բարձրակարգ մասնագետների բազմամյա համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր կարող ենք արձանագրել մեր հաջողությունները: Այս տարիների ընթացքում 21 ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգեւների եւ ՀՀ պետական կրթական մրցանակների», - ավելացրել է ռեկտորը։

Հեղինե Բիշարյանը նաեւ նշել է, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգեր» ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային եւ ծրագրային ապահովման միջոցներով հագեցած 4 լսարաններով, որոնց ստեղծման համար ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը հատկացրել է շուրջ 142 մլն դրամ։

Ուսանողներն օգտագործում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության տրամադրած ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ։ Ուսումնական ծրագրերը հասանելի են 4 լեզուներով:

 «Միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգեր» ամբիոնի 123 շրջանավարտներից 110-ն աշխատում են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնցից 67-ը՝ «Սինոփսիս Արմենիայում»։