15:39 | 18.09.19 | Նորություններ | 4147

Հայկական ստարտափների համար կկազմակերպվի երկօրյա այց դեպի Թբիլիսի

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հայկական ստարտափների համար կազմակերպում է երկօրյա այց դեպի Թբիլիսի։

«Ստարտափ Տուր» խորագրով միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-22-ին՝ «Սփարք» բիզնես աքսելերատորի գրասենյակում։

Միջոցառման մանրամասները եւ օրակարգը հասանելի են այստեղ։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Հայաստանից մեկնած 10 ստարտափ թիմերը հնարավորություն կունենան վրացի գործընկերների հետ փոխանակել իրենց գաղափարները, քննարկել երկու երկրների ստարտափ եւ ձեռնարկատիրական էկոհամակարգերի զարգացման հեռանկարները։

«Ստարտափ Տուր»-ը նպատակ ունի մասնակիցներին հնարավորություն տալ հանդիպել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների եւ վենչուրային ներդրողների հետ, ընդլայնել փոխգործակցության հեռանկարը եւ դուրս գալ համաշխարհային շուկա։ Արդյունավետ սեմինար-քննարկման շնորհիվ մասնակիցները կծանոթանան շուկայական նոր պահանջներին ու արդի գործիքներին։

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը զբաղվում է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ՝ մշակելով եւ իրականացնելով այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն ստարտափ թիմերին ներկայացնել իրենց ծրագրերը եւ գտնել պոտենցիալ ներդրողներ։ Հիմնադրամի նախաձեռնությամբ է իրականացվում ամենամյա «Սեւան Ստարտափ Սամիթ» միջոցառումը։