11:16 | 04.09.19 | IT պատանիներ | exclusive 203204

IT պատանիներ. Նիկոլայ, Նարեկ եւ Դավիթ

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

***

Whiz Code Academy-ի սաներ Նիկոլայ Մովսիսյանը, Նարեկ Բադալյանը եւ Դավիթ-Լանջունին ստեղծել են ռոբոտ, որը ներկայացրել են օգոստոսի 1-4-ը Դանիայի Օրհուս քաղաքում կայացած Ռոբոտների Համաշխարհային օլիմպիադայի ընկերական միջազգային մրցաշարի (WROFIT-Word Robot Olympiad Friendship Invitational Tournament) շրջանակում:

photo © Մեդիամաքս

Տղաները պատմում են, որ մրցույթի առաքելությունն այնպիսի ռոբոտի ստեղծումն է, որը կարող է փոխարինել հին լամպերը խելացի լամպերով։ Ռոբոտը լույսի նոր խելացի աղբյուրները պահեստի տարածքից կարող է վերցնել եւ տանել շենքի տարբեր սենյակներ, ինչպես նաեւ գտնել հին լամպերը և տանել աղբի տարածք։ Այսպիսով՝ ռոբոտը կարդիականացնի շենքի լուսավորության համակարգը և կօգնի էներգիա խնայել։

Օրհուսում ռոբոտը ներկայացրել են Դավիթն ու Նարեկը։ Մրցանակային տեղ չեն զբաղեցրել, բայց մեծ տպավորություններով, ոգևորությամբ, գիտելիքներով և փորձով զինված վերադարձել են և անհամբեր սպասում են հաջորդ տարվա առաջադրանքին։ Սա տղաների առաջին մրցույթային փորձն էր:

***
Նիկոլայ Մովսիսյան, 12 տարեկան, Երեւան

Տեխնոլոգիաներով սկսել եմ հետաքրքրվել 7 տարեկանում, երբ ծնողներս որոշեցին ինձ տանել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն՝ ծրագրավորում սովորելու: Այնտեղ սովորեցի

2 տարի: Հետո որոշեցի, որ ուզում եմ շարունակել, եւ եկա Whiz Code Academy: Այստեղ սովորում եմ արդեն 3 տարի շարունակ՝ ծրագրավորում եւ ռոբոտաշինություն:

Մեր պատրաստած ռոբոտն անցնում է բոլոր դաշտերով, հավաքում աշխատող լամպերը եւ տեղադրում իրենց ճիշտ տեղերում, իսկ փչացած վառված սեւ լամպերը գցում աղբամանը: Ռոբոտը պատրաստել ենք 1 շաբաթում:

Կարծում եմ՝ որպես մասնագիտություն հետագայում կդիտարկեմ հենց ծրագրավորումը: 10 տարի անց կցանկանամ Մայքրոսոֆթ-ում աշխատել:

Շատ կուզեի հանդիպել Մարկ Ցուկերբերգին, խորհուրդ կհարցնեի, թե ինչից արժե սկսել եւ ինչպես հաջողության հասնել ծրագրավորման ասպարեզում:

Դավիթ Լանջունի, 12 տ., Երեւան

Ծրագրավորմամբ սկսել եմ հետաքրքրվել, երբ առաջին անգամ այցելեցի Whiz Code Academy: Սկսել եմ scratch-ից, ապա որոշեցի դիզայն սովորել: Ինձ ապագայում տեսնում եմ որպես դիզայներ:

Քանի որ շատ եմ հետաքրքրված YouTube-ով, կցանկանայի հանդիպել այդ ընկերության գործադիր տնօրենին:

Նարեկ Բադալյան, 14 տ., Երեւան

Ես տեխնոլոգիաներով հետաքրքրվել են 6 տարեկանից, բայց դասընթացների սկսել եմ հաճախել այս տարվա փետրվարից:

photo © Մեդիամաքս

Մեր ռոբոտի պատրաստման համար սովորաբար տրամադրվում է 2 ամսից ավելի ժամանակ: Մենք մի քանի տարբերակներ ենք ունեցել, բայց ամենահաջողը վերջինն էր, որի պատրաստման համար 1 շաբաթ պահանջվեց:

Ռոբոտաշինությունն ու ծրագրավորումն ինձ համար հոբբի են: Ցանկանում եմ կամ Հայաստանի ամերիկյան համալսարանում ծրագրավորում սովորել կամ էլ բժիշկ դառնալ:

«Այբ» կրթական հիմնադրամը հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերակցության միակ պաշտոնական ներկայացուցիչը եւ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի` ՌՀՕ (WRO) ազգային փուլի միակ կազմակերպիչը Հայաստանում: ՌՀՕ-ի շրջանակներում հայաստանյան թիմերի ցանկացած ընկերական եւ միջազգային մրցաշարի մասնակցություն իրականացվում է «Այբ» հիմնադրամի երաշխավորմամբ եւ համաձայնությամբ:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի