Ալիսա Հովսեփյանը
Ալիսա Հովսեփյանը
Ալիսա Հովսեփյանը
11:56 | 30.11.18 | IT պատանիներ | exclusive 59759
Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:
Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
***
14-ամյա Ալիսա Հովսեփյանը լրացված իրականության (AR) Quest-ներ է նախագծում: Նա պատմում է, որ խաղ ստեղծելու գաղափարն առաջացել է Apple-ի միջոցառումը դիտելիս: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ տեղեկացել է լրացված իրականության մասին։
Ալիսի խոսքով, տեխնոլոգիաներով սկսել է հետաքրքրվել 12 տարեկանում:
«Ակնկալում էի ստանալ նոր հեռախոս եւ, սովորության համաձայն, սկսեցի ուսումնասիրել IPhone-ների բոլոր ֆունկցիաները։ Հետո, երբ արդեն բոլոր «ծակուծուկերը» գիտեի, ինձ սկսեց հետաքրքրել դրանց աշխատելու սկզբունքը՝ թե՛ hardware, եւ թե՛ software տեսանկյուններից»,- պատմում է նա:
Առաջին խաղի մասին
Առաջին խաղը ստեղծել եմ որպես դպրոցական հետազոտական աշխատանք: Դա հատուկ աշխատանք է, որի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ ընտրում է նախընտրած առարկան, այդ առարկայի որեւէ թեմայի/հիմնախնդրի շուրջ հետազոտություն է կատարում եւ ապրիլին այն ներկայացնում տվյալ առարկայի ամբիոնին), ինչի համար ստացել եմ առաջին կարգի մրցանակ եւ մեկ օրով մեկնել եմ Աղավնաձոր։
Իմ ստեղծած խաղը խաղում են թիմերով։ Թիմերին տրվում է ընդհանուր տարածք, որտեղ տարբեր վայրերում թաքցված են նկարներ։ Ծրագրի միջոցով պետք է այդ նկարները սկանավորել, եւ առաջադրանքները ճիշտ կատարելու դեպքում ստանալ հատուկ կազմված QR քարտեզի կտոր։
Բոլոր առաջադրանքները կապված են ծրագրավորման պատմության հետ, քանի որ խաղի նպատակն այլընտրանքային ուսուցումն էր եւ ծանոթությունը ծրագրավորման պատմությանը։ Այն թիմը, որն առաջինը կհավաքեր քարտեզի բոլոր կտորները` կճանաչվեր հաղթող։ Ապա թիմը պետք է այդ քարտեզը ճիշտ դասավորեր, սկանավորեր, լուծեր հանելուկը եւ գտներ այն վայրը, որտեղ պահված էր մրցանակը։
AR Quest-ի երկրորդ տարբերակը ստեղծել եմ այս տարվա հունիսին։ Այս խաղը Գյումրու տեսարժան վայրերի եւ դրանց պատմության մասին էր։ Ամռանը «Սիներջի» ընկերությունը նախատեսել էր քաղաքային տուր Գյումրիում, եւ խաղը ստեղծեցի այդ տուրն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Քաղաքի տարբեր հատվածներում փակցված էին նկարներ, եւ ընկերության աշխատակիցները՝ գիդի ուղեկցությամբ, քայլում էին փողոցներում եւ սկանավորում նկարները, լուծում առաջադրանքները:
Ինքնուսուցո՞ւմ, թե՞ խմբակային դասընթացներ
Իմ կարծիքով, ցանկացած ծրագրավորողի համար շատ կարեւոր է ինքնուսուցումը եւ տենչանքը՝ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու։ Սակայն, միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ հնարավորության կամ հարցերի դեպքում պետք է առանց հապաղելու դիմել ուսուցչի/մասնագետի։
Ալիսա Հովսեփյանը
Ինքս նախընտրում եմ հաճախել խմբակներ, որտեղ աշակերտների քանակը քիչ է եւ աշակերտների գիտելիքների մակարդակն ինձ հավասար է կամ ավելի բարձր, որովհետեւ դա ինձ կստիպի ձգտել ավելիին։ Նաեւ կարծում եմ, որ ցանկացած խմբակում պետք է լինի առողջ մրցակցային մթնոլորտ, քանի որ դիմացինին հաղթելը հենց այն է, ինչը մեզ ստիպում է առաջ շարժվել։
Սակայն հաճախ, որոշ հանգամանքների պատճառով, գերադասում եմ մնալ տանը եւ զբաղվել ինքնուսուցմամբ, որը նույնպես վայելում եմ, քանի որ դրան նաեւ նպաստում են տնային հարմար պայմանները։
Վերջերս 2-4 ժամ եմ անցկացնում համակարգչի առաջ, հիմնականում լուծում եմ խնդիրներ C++-ով եւ փնտրում նոր մտքեր՝ հետազոտական աշխատանքիս համար։ Դեռ հստակ չեմ որոշել, բայց ցանկանում եմ գրել ծրագրեր, որոնք կավտոմատացնեն դպրոցում յուրաքանչյուր օր տեղի ունեցող գործընթացներն ու առօրյա անցուդարձը։
10 տարի անց
10 տարի անց ինձ պատկերացնում եմ ուսումս շարունակելիս, հավանաբար արտասահմանում։ Սակայն ուսումս ավարտելուց հետո ցանկանում եմ վերադառնալ Հայաստան եւ այստեղ ծավալել գործունեությունս։
Երազանքի աշխատավայրը
Ցանկանում եմ աշխատել աշխարհի առաջատար ընկերություններից մեկում՝ Apple, Google, Microsoft, կամ էլ ինքս հիմնել նման ընկերություն Հայաստանում։ Կյանքիս նպատակներից է ունենալ լավ աշխատանք, որով կարող եմ հպարտանալ եւ որը կսիրեմ։
ՏՏ ոլորտում երազանքի հանդիպումը
Կցանկանայի ճաշել Ալան Թյուրինգի հետ, հարցնել նրան, թե ինչպես գլխի ընկավ ստեղծել իր «Բոմբա» սարքը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որով կարողացավ դեկոդավորել գերմանացիների ուղարկած ռազմական հաղորդագրությունները։ Ի դեպ, այդ իրադարձությունների մասին շատ լավ ֆիլմ կա, որը կոչվում է Imitation Game, խորհուրդ կտամ դիտել։
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի