Արման Բարսեղյանը
Արման Բարսեղյանը
Արման Բարսեղյանը
Արման Բարսեղյանը
11:01 | 19.07.18 | IT պատանիներ | exclusive 88143
Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:
Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
***
14-ամյա Արման Բարսեղյանը հաճախում է Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, հետաքրքրվում է լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով:
Արմանը 2018թ. մայիսին իր Zoomar ստարտափով (լրացված իրականության հավելված, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ եւ կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները), մասնակցել է Մինսկում կայացած EMERGE կոնֆերանսին: Ի դեպ, նա EMERGE-ի ամենաերիտասարդ մասնակիցն էր:
Հունվարին էլ Երեւանում կայացած Yerevan Blockchain Hackathon-ում ստարտափն արժանացել է մրցանակի:
Օրական 4 ժամ՝ խաղեր պատրաստելու համար
Ընտանիքում ոչ ոք կապ չունի ծրագրավորման հետ: Հինգ տարեկանում հաճախ էի հետեւում, թե ինչպես է համակարգչով աշխատում մեր հարեւանի աղջիկը, որը մասնագիտությամբ ծրագրավորող է: Սկզբում ոչինչ չէի հասկանում, բայց դա նպաստեց, որ մանկուց սիրեմ տեխնոլոգիաները, համակարգիչը: Առաջին համակարգիչն ունեցա, երբ 8-9 տարեկան էի:
Արման Բարսեղյանը
Համակարգչով նախընտրում եմ ոչ թե խաղալ, այլ աշխատել:
Սկզբում ընտանիքիս անդամները բարկանում էին, որ շատ եմ տարված հեռախոսով, հետո հասկացան, որ իրականում խաղեր եմ պատրաստում, եւ ժամանակս միայն խաղ խաղալու վրա չեմ վատնում: Օրական մոտ 4 ժամ եմ տրամադրում խաղեր պատրաստելու գործընթացին՝ խաղը գրում եմ համակարգչով, փորձարկում՝ հեռախոսով:
Աշխատում եմ C# ծրագրավորման լեզվով, որն ինքնուրույն եմ սովորել: Դրանից առաջ ուսումնասիրել եմ HTML, JavaScript եւ այլ լեզուներ: Փորձում եմ որքան հնարավոր է շատ ծրագրավորման լեզուներ ուսումնասիրել, որպեսզի ապագայում կողմնորոշվեմ, թե դրանցից որն ընտրեմ: Այս պահին C#-ն ամենանախընտրելին է ինձ համար:
Ծրագրավորման լեզուներն ինքնուրույն եմ սովորում
Ծրագրավորման լեզուներ օնլայն սովորելը հեշտ է, եթե գիտես անգլերեն: Փաստն այն է, որ հայալեզու Youtube-ում շատ քիչ են նման բովանդակությամբ տեսանյութերը: Պետք է դրանք որոնել անգլերեն կամ ռուսերեն:
Արման Բարսեղյանը
Եթե լավ անգլերեն եք հասկանում, սովորելը հեշտ է եւ արդյունավետ: Անգլերեն սովորել եմ ինքնուրույն՝ ֆիլմեր, տեսանյութեր դիտելով: Ապա «Արմաթ» եկավ անգլախոս կամավոր եւ մոտ երկու ամիս մեզ խոսակցական անգլերենի հարցում օգնեց:
Ցանկանում եմ 11-րդ դասարանից ուսումս շարունակել UWC քոլեջում, ապա՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում:
Ի՞նչ կանեմ առաջին մեկ միլիոն դոլարով
Վաստակածս առաջին միլիոն դոլարով գրասենյակս կվերանորոգեի կամ նոր գրասենյակ կունենայի: Սենյակս ամբողջովին աշխատասենյակի եմ վերածել: Այնտեղ երկու համակարգիչ կա՝ մեկն օգտագործում եմ ծրագրավորման, մյուսը՝ 3D մոդելավորման համար:
Այդ գումարը նաեւ կօգտագործեի իմ ստարտափում ներդրման համար՝ փորձելով այդ գումարն ավելացնել: Թիմս կմեծացնեի:
Ի դեպ, այս պահին փնտրում եմ թիմի անդամներ՝ պրոյեկտ մենեջեր եւ 3D մոդելավորող:
Մայքրոսոֆթ այցելելու եւ Apple-ում աշխատելու երազանք
Շատ կուզեի այցելել Սիլիկոնյան հովիտ, քանի որ շատ եմ ցանկանում տեսնել «Մայքրոսոֆթ»-ի կենտրոնակայանը: Կարծում եմ՝ «Մայքրոսոֆթ»-ն այնքան շատ պրոդուկտներ ունի, որ առնվազն մեկ շաբաթ պետք է դրանց տեղում ծանոթանալու համար: Ինչ վերաբերում է աշխատելուն, ապա շատ կուզեի աշխատանքի անցնել Apple-ում, քանի որ նրանց AR ուղղությունը շատ զարգացած է:
Հարց Էլոն Մասկին՝ որտեղի՞ց քեզ այդքան խելք
Կցանկանայի ճաշել Էլոն Մասկի հետ: Նրա մտքի կրեատիվությունը միայն բավական է, որ ցանկանայի իր հետ հանդիպել: Իրեն կհարցնեի՝ որտեղից քեզ այդքան խելք: Նաեւ կհարցնեի, արդյոք հետաքրքրված չէ՞ լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաներով պրոդուկտ գործարկել, որի աշխատանքներին ես էլ կմասնակցեի:
Արման Բարսեղյանը
VR նոր նախագծեր եւ ներդրման փնտրտուք
Այս պահին HTC Vive վիրտուալ իրականության ակնոցների համար VR խաղ եմ պատրաստում: Սկսել եմ զրոյից:
Բացի այդ, ֆինանսավորում եմ փնտրում իմ մեկ այլ նախագծի համար: Այն իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություն՝ սկսնակ վիրաբույժների համար:
Նախագծերս շարունակելու համար ինձ շատ են հարկավոր Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտ եւ MacBook Pro նոութբուք:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի