11:04 | 01.11.17 | IT պատանիներ | exclusive 106398

IT պատանիներ. Սերգեյ Վարդանյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

13-ամյա Սերգեյ Վարդանյանը ծրագրավորման մի քանի լեզու գիտի, ռոբոտներ եւ մոբայլ խաղեր է պատրաստում:

«Սեփական ուժերով պատրաստած ռոբոտ ունեմ: Այն աշխատացնելու համար համակարգչով հատուկ ծրագիր եմ մշակել, որը թույլ է տալիս կառավարել ռոբոտին: Ավելի ուշ նաեւ մոբայլ հավելված կպատրաստեմ: Ռոբոտը կարողանում է շարժվել: Այն պատրաստելիս ռոբոտաշինության խմբակում ստացած գիտելիքներս եմ օգտագործել, հարցերի դեպքում էլ դիմում եմ Google-ին»,- պատմում է Սերգեյը:  

Սերգեյ Վարդանյանը Սերգեյ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Պատանի ծրագրավորողը հաճախում է 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիա:
Տիրապետում է C++, Java, C#, HTML, JavaScript լեզուներին: Առաջիկա տարում պատրաստվում է ծրագրավորման այլ լեզուներ սովորել, ինչպես նաեւ խորացնել գիտելիքները C++,-ի , Java-ի եւ C#-ի ասպարեզում:

Սերգեյը երկու մոբայլ խաղ է մշակել:

«Առաջինում ռոբոտը պլատֆորմի վրայով վազում է եւ սպանում թշնամիներին: Երկրորդ խաղը լրացված իրականության (AR) տարրերով է ՝ռոբոտով կարող ես քայլել, թռչել փշերի վրայով: Խաղն այս պահին ստեղծման շրջանում է, մի քանի ամսից այն հասանելի կլինի iOS եւ Android

Սերգեյ Վարդանյանը Սերգեյ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


Սերգեյի երազանքն է ընդունվել արտասահմանյան բուհ եւ ծրագրավորում սովորել: Երազանքի աշխատավայրն է Սիլիկոնյան հովտի Google-ը: Ասում է, որ շատ է կարդացել այնտեղի աշխատանքային պրոցեսի մասին եւ հավանել է:

Բլից հարցեր՝

- Ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

- 50/50: Եթե լավ եղանակ է, կնախընտրեմ լինել դրսում: Բակում հիմնականում դասարանցիներիս հետ եմ խաղում: Տանը, եթե տրամադրություն եմ ունենում, համակարգչով խաղ եմ խաղում, եթե ոչ՝ նոր բաներ եմ սովորում, կարդում:

- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Ավելի հզոր համակարգիչ կգնեի, որ գործերս ավելի լավ անեի: Աշխարհում կճանապարհորդեի, նոր ստարտափներում ներդրումներ կիրականացնեի: Գումար կներդնեի նաեւ տարբեր տեխնոլոգիական խմբակներում, որպեսզի ավելի շատ երեխաներ ներգրավվեին դրանցում:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Մեկ ամիս Սիլիկոնյան հովտում, մեկ ամիս էլ՝ Մալդիվներում: Բայց Սիլիկոնյան հովիտն առաջին տեղում է:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Բիլ Գեյթսի, քանի որ ներդրում կուզեի իմ ստարտափի համար՝ 1 մլն դոլարի չափով: Բանակցությունների ընթացքում Գեյթսի հետ ավանդական հայկական խորոված կուտեինք:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի