12:35 | 26.08.19 | IT պատանիներ | exclusive 126272

IT պատանիներ. Դավիթ Ազատյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

10-ամյա Դավիթ Ազատյանը Երեւանից է: Տեխնոլոգիաներով սկսել է հետաքրքրվել 9 տարեկանից:

***
Հայրս ինձ Whiz Code Academy կենտրոն էր բերել ծրագրավորման դասընթացների: Ինձ շատ դուր եկավ scratch ծրագրավորման լեզվով աշխատելը, ցանկացա շարունակել:


Կենտրոնում անցել եմ ծրագրավորման եւ ռոբոտաշինության դասեր, խաղեր եմ ստեղծել:

***
Ցանկանում եմ խորանալ ռոբոտաշինության ասպարեզում: Ապագայում կցանկանամ պատրաստել offroad ռոբոտ: Այն կկարողանա, օրինակ, անցնել ցեխերի միջով, եւ բարդ, մեծ անիվներով կառուցվածք կունենա:

***
Օգոստոսի 1-4-ը մասնակցեցի Ռոբոտների Համաշխարհային օլիմպիադայի ընկերական միջազգային մրցաշարին (WROFIT-Word Robot Olympiad Friendship Invitational Tournament), որը տեղի էր ունեցել Դանիայի Օրհուս քաղաքում։


Մեզ հետ մասնակցում էին 33 երկրից ժամանած 150 թիմեր։ Մեր բոլորի նպատակն էր կառուցել խելացի քաղաքներ։ Ռոբոտը, որով մասնակցեցինք օլիմպիադային, ամբողջությամբ պատրաստել ենք ես եւ ընկերս՝ Ալեքսանդր Վարդանյանը:

Մենք հանդես էինք գալիս տարրական տարիքային խմբում եւ պետք է ստեղծեինք ռոբոտ, որը կարող է գործել որպես իսկական ինքնավար, ինքնաշարժ տաքսի, որն ուղեւորներին փոխադրում է մեկնարկի վայրից նպատակակետ։


Ինքնավար ավտոմեքենան կարող է զգալ իրեն շրջապատող միջավայրը եւ շարժվել առանց մարդկային միջամտության։ Ռոբոտային կառավարման շնորհիվ այն նվազեցնում է ճանապարհային պատահարների հավանականությունը, խուսափում խցանումներից։

Սա առաջին միջազգային մրցույթն էր, որին մասնակցեցի: Ճիշտ է՝ իմ թիմը մրցանակային տեղ չզբաղեցրեց, բայց շատ բան սովորեցինք եւ մեծ փորձ ձեռք բերեցինք։
Բացի մրցույթային մասից, շատ հետաքրքիր էր կազմակերպված ժամանցային ծրագիրը։ Առաջին օրը գնացինք Բիլլուն քաղաքում գտնվող Լեգոլենդը, որը գրեթե ամբողջությամբ կառուցված է լեգո կոնստրուկտորներից։ Այգին բաժանված է թեմատիկ հատվածների։

Այգու մի հատված կա, որը հայտնի է երեխաների համար նախատեսված ավտոդպրոցով՝ SEAT Traffic School։ Այստեղ երեխաները սովորում են երթեւեկության կանոնները եւ համարյա իրական քննություններ հանձնելուց հետո կարող են ստանալ մանկական վարորդական վկայականներ։ Այնպես որ, ես եւ իմ ընկեր Ալեքսանդրն արդեն վարորդական վկայական ունենք (խմբ. - ծիծաղում է):


Մրցույթի ավարտից հետո մեկնեցինք Կոպենհագեն, որտեղ անչափ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Այցելել ենք Թիվոլլի զվարճանքների այգին, Անդերսենի հեքիաթների թանգարանը, Էքսպերիմենտարիում գիտության եւ տեխնիկայի կենտրոնը։ Ինձ հատկապես տպավորեցին ականջներ-լոկատորները, որոնցով կարողանում ես լսել շենքի հեռավոր անկյուններում գտնվող մարդկանց խոսակցությունները։ Թանգարանում կարելի է ստեղծել գեյզեր եւ տորնադո։ Believe it or not թանգարանում էլ շատ-շատ հետաքրքիր եւ անհավատալի փաստերի եւ երեւույթների հետ ծանոթացանք։

«Այբ» կրթական հիմնադրամը հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ընկերակցության միակ պաշտոնական ներկայացուցիչը եւ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի`ՌՀՕ (WRO) ազգային փուլի միակ կազմակերպիչը Հայաստանում: ՌՀՕ-ի շրջանակներում հայաստանյան թիմերի ցանկացած ընկերական եւ միջազգային մրցաշարի մասնակցություն իրականացվում է «Այբ» հիմնադրամի երաշխավորմամբ եւ համաձայնությամբ: 

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի