11:05 | 08.08.19 | Նորություններ | 4152

Արցախի եւ Հայաստանի միջեւ ռոումինգի սակագները հունվարի 1-ից կնվազեն

Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն 2020թ. հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչեւ 2021թ. հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյունքում 2020թ. հունվարի 1-ից՝

- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչեւ 30%,

- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 45%,

- տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 65%,

- կարճ SMS հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 75%:

2019թ. օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են Beeline եւ Ucom ընկերությունների կողմից ելքային եւ մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, SMS կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս գործընթացի վերջնական նպատակը Հայաստանում եւ Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է: