15:17 | 25.07.19 | Նորություններ | 8277
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Հայաստանում տեղի կունենա չորրորդ ամենամյա վրանային «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը, որն այս տարի Սեւանի ափին կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների Հայաստանից ու ամբողջ աշխարհից։
Հայաստան են հրավիրվել 100-ից ավելի մենթորներ եւ հաջողակ ձեռներեցներ, վենչուրային եւ հրեշտակ ներդրողներ, որոնք 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:
Սամմիթի մասնակիցներն ու այցելուները նաեւ բացառիկ հնարավորություն կունենան լսելու դասախոսություններ եւ անհատական հանդիպումներ ունենալ ոլորտի պրոֆեսիոնալների հետ։
«Այս տարի առաջին անգամ «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ն իր բոլոր 7 օրերի ընթացքում բաց կլինի հանրության համար` հնարավորություն տալով այցելել սամմիթ մեկ օրով` անկախ նրանից` այցելուն ստարտափի հիմնադիր է, թե ոչ: Բազմաթիվ գործարարների, տարբեր ոլորտների ղեկավարների, մարքեթինգի, վաճառքի, HR, ֆինանսական, բանկային եւ այլ ոլորտների մասնագետների համար սա աննախադեպ հնարավորություն է ներկա գտնվելու դասախոսությունների, հանդիպելու տեղացի եւ արտասահմանյան ներդրողների, ծանոթանալու ամենաարագ աճող ՏՏ ոլորտին հենց ներսից, ձեռք բերելու նոր բիզնես կապեր»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը:
Այս տարի «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաեւ լինելու է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։
«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների եւ ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման եւ ներդրումային գործարքների համար:
Հիշեցնենք, որ վրանային առաջին ստարտափ հավաքը կազմակերպվել էր 2016թ․-ին: Այն արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում եւ շարունակում է արագ ընդլայնվել դեպի նոր տարածաշրջաններ։ Մինչ այս պահը սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ եւ 15,000 այցելուներ։ Սամմիթի շրջանակներում ստարտափներին տրամադրվել է ավելի քան 200,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում եւ կատարվել է շուրջ 2,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։
«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու եւ մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել սամմիթի պաշտոնական կայքէջ: