11:25 | 25.07.19 | Նորություններ | 12003

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հիմքից նոր տուն է կառուցվում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում հիմքից կառուցվում է տուն:

Մայիսից մեկնարկած աշխատանքներն արդեն տեսանելի արդյունք են տվել. տան պատերը կանգուն են, տանիքը՝ կառուցված:

«Իրականացվող ամեն ծրագիր որոշակի հաշվետվություն է պահանջում: Այն սովորաբար արտահայտվում է թվերով: Օրինակ, ասում ենք՝ տարիների ընթացքում, մեզ հաջողվել է 200 տան կառուցման մասին հայտարարել: Ավելի կարեւոր է, սակայն, այն հաշվետվությունը, որը մենք մեր հոգու խորքում ենք արձանագրում: Երբ ժպտացող աչքեր ենք տեսնում եւ զգում, որ դարձյալ մեկին հաջողվեց կյանքի հունի վերադարձնել ու ոգեւորել: Մարդասիրության եւ պատասխանատվության դրսեւորումն ամենացանկալի հաշվետվությունն են: Ուրախ եւ հպարտ եմ՝ տարիների մեր գործընկերության արդյունքի համար»,- ասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում կառուցվող 200-րդ տունը բարձրանում է հիմքից: Այդ առումով՝ Հասոյանների տունն ուրույն տեղ ունի. ծրագրի շրջանակներում սա առաջին դեպքն է: Մեզ համար հոբելյանական է կառուցված տների քանակը, իսկ ընտանիքի համար հոբելյանական կլինի տարին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Այս տարի բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 109 մլն դրամ: Դրա արդյունքում բնակարանային աջակցություն է ստանալու 43 ընտանիք: