14:47 | 15.07.19 | Նորություններ | 8897

Ամփոփվել են Beeline-ի աջակցությամբ կազմակերպած «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները

Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ կազմակերպված Տվյալագիտության ամառային դպրոցն ավարտվեց՝ նախագծերի մրցույթում հաղթող թիմերի պարգեւատրմամբ:

Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանում առաջին նմանատիպ միջոցառումն էր, որը հնարավորություն տվեց ամենատարբեր ոլորտների մասնագետներին ծանոթանալ տվյալագիտության հիմունքներին, առաջնային գործիքներին եւ տեխնոլոգիաներին եւ, օգտագործելով նոր ստացած գիտելիքները՝ իրագործել իրական տվյալներով նախագծեր:

Նախագծերը վերաբերում են տվյալագիտության կիրառման տարբեր ոլորտներին՝ թղթադրամի ավտոմատ ճանաչում, աշխատակիցների շարժի կանխատեսում, արվեստի նմուշների վերլուծություն, դեղամիջոցների անվան որոնումների վերլուծություն, քաղցկեղի բուժման լավագույն ծրագրի վերհանում, տուրիստական հաստատությունների մեծածավալ վերլուծություն, եւ այլն: Տվյալագիտության ամառային դպրոցի ուսանողներն այս խնդիրների լուծումները նախագծել են մեծ տվյալների բազաների եւ ժամանակակից մեքենայական ուսուցման ալգորիթմական մեթոդներով:

Մասնակցող 14 խմբերն իրենց թիմային նախագծերը ներկայացրել են հեղինակավոր ժյուրիի դատին եւ ընտրվել են առավել ազդեցություն, բարդ տեխնիկական լուծում եւ լավագույն գործառնական հատկանիշներ ունեցող նախագծերը:

Հաղթող ճանաչվել են. 1-ին տեղ՝ Recommender System with LightFM նախագիծը, որը ապրանքներ ու ծառայություններ է խորհուրդ տալիս, 2-րդ տեղ՝ Employee Churn Prediction նախագիծը, որը կանխատեսում է ընկերությունն լքելուն հակված աշխատակիցներին: Երրորդ տեղում է TripAdvisor հարթակում առկա տվյալների կլաստերային եւ սենտիմենտ վերլուծություն կատարող նախագիծը: Ամառային դպրոցի հովանավորներ Beeline-ի եւ ամառային դպրոցի մյուս գործընկեր Webb fontain-ի կողմից հաղթող թիմերը արժանացան դրամական պարգեւների:

«Ես Կարին Մարկիդեսն եմ՝ ՀԱՀ նախագահը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար: Տվյալագիտության ամառային դպրոցը շատ կարեւոր նախաձեռնություն է: Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու տեսական եւ գործառնական գիտելիքներ, ինչպես նաեւ միավորվելու եւ համատեղ աշխատելու: Մենք հուսով ենք, որ ապագայում եւս կշարունակվի այս համագործակցությունը ակադեմիկ հատվածի եւ արդյունաբերության միջեւ», - ասաց ՀԱՀ նախագահ, դոկտոր Կարին Մարկիդեսը:

«Մենք՝ որպես ՏՏ ընկերություն շատ լավ ենք հասկանում տվյալագիտության կարեւորությունն ու անհրաժեշտությունը եւ ուրախ ենք տեսնել մասնակիցների հիանալի արդյունքները: Նման պրակտիկ դասընթացները շատ լավ միջոց են աշխատաշուկայի պահանջարկն լրացնելու մասնագետներով: Վստահ եմ, որ այս նախագծի մասնակիցները շուտով իրենց ներդրումը կունենան Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա շատ կարեւոր նախաձեռնություն է Հայաստանի եւ ոլորտի համար: Ներկայումս տվյալագետներն ամենապահանջված մասնագետներից են աշխարհում եւ այդ պահանջարկի աճն արդեն անխուսափելի է: Խթանելով ոլորտի զարգացումը կարեւոր քայլ է ՀԱՀ կողմից», - նշել է ամառային դպրոցի դասախոսներից Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնական Հարություն Շահումյանը:

ՀԱՀ-ի կողմից կազմակերպած Տվյալագիտության ամառային դպրոցին հուլիսի 1-ից 14-ը մասնակցել է ավելի քան 70 մարդ: