12:02 | 15.07.19 | Նորություններ | 2636
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ին այցելել է Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ կենտրոն:
Կենտրոնի դահլիճում վարչապետը հանդիպել է այստեղ այցելող պատանիներին եւ մեծահասակներին, ողջույնի խոսքով դիմել նրանց եւ պատասխանել մի քանի հարցերի:
Նա նշել է, որ Հայաստանն ագրարայինից պետք է վերածվի արդյունաբերական երկրի, իսկ դրա համար պետք է վերամշակող արդյունաբերության, սարքաշինության, բարձր տեխնոլոգիաների, սպասարկման, բանկային, զբոսաշրջային ոլորտներին աջակցող ծրագրեր իրականացնել եւ զուգահեռ հասնել նման կենտրոնների հիմնման:
Վարչապետն ընդգծել է, որ առաջին հերթին պետք է երեխաներին պատրաստել ապրելու եւ ստեղծագործելու հզոր արդյունաբերական երկրում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` նրանցից յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն, հավատա, որ կարող է լինել ինժեներ, գիտնական:
«Երբ խոսում ենք տեխնոլոգիական իրականության մասին` շատերին թվում է, որ հումանիտար կրթությունը նսեմացնում ենք: Ոչ, տեխնոլոգիական իրականության համար պետք է ունենալ զարգացած արվեստ, գրականություն: Երբ ասում ենք արդյունաբերական երկիր` պետք է հասկանանք, որ այդ արդյունաբերությանն էներգիա տվողը մշակույթը, կրթությունն են: Մենք պետք է այս ճանապարհով քայլ առ քայլ վստահ առաջ շարժվենք: Սա իսկապես մեր ճանապարհն է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
$6 մլն ներդրմամբ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները եւ ստեղծելու հնարավորություններ` դրանք համայնքներում կիրառելու համար:
Կենտրոնը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է, որը հավասար եւ համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր երեխաների, պատանիների եւ մեծահասակների համար։
Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ օտար լեզուները ՍՄԱՐԹ ծրագրերի եւ ուսուցման նյութերի հիմքում են։ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։