12:26 | 10.06.19 | Նորություններ | 2809
Դիլիջանում կայացած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջեւ ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ:
Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական եւ քաղաքական գործիչները, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչները, գիտնականները, գործարարներն ու ձեռնարկատերը ներկայացրել են իրենց փորձառությունն ու գաղափարները, անդրադարձել աշխարհում կատարվող գործընթացներին ու նշված ոլորտներում զարգացման միտումներին։
Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց հետ քննարկվել են ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի, Netflix ընկերության կորպորատիվ զարգացման տնօրեն Մայքլ Փորթերի, Thales Electronic Systems ընկերության փոխնախագահ եւ տնօրեն Ռեմի Փոլի, IBM ընկերության ինովացիաների եւ տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի , CNN-ի նախկին գլխավոր մեկնաբան Ռից Խանի հետ։
Հունիսի 9-ին կայացած «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկումը վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն։ Մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության եւ տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելեւան, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։
«Ես շատ բան սովորեցի գագաթնաժողովից, սակայն հիմնական երեք հարցերը շարունակում են մնալ. ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել եւ ի՞նչպես անել։ Միակ բանը, որում հաստատապես համոզված եմ, հետեւյալն է. մենք կարիք ունենք տապանի, որը, հավանաբար, հենց «Մտքերի գագաթնաժողով»-ն է, որը կփրկի աշխարհը, քանի որ աշխարհը դարձել է շատ ավելի բարդ։ Այդ բարդությունն ավելին է, քան ցանկացած արհեստական բանականություն կարող է լուծել։ Մենք մարդկային մտքերի գագաթնաժողովի, ինչպես նաեւ ձեզ պես մարդկանց կարիք ունենք՝ լուծումներ գտնելու համար։ Ես չեմ խոսում վերահսկելու մասին։ Աշխարհում, որն ավելի քվանտային է դառնում, անհնար է ունենալ դասական վերահսկման համակարգ։ Անհրաժեշտ է սովորել ապրել նոր քվանտային աշխարհում, որը շատ բարդ է, մարտահրավերներով լի, բայց չափազանց հետաքրքիր»,- ասել է Արմեն Սարգսյանը։