17:28 | 09.02.19 | Նորություններ | 3531
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության եւ քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին, որի ընթացքում, մասնավորապես, խոսել է արհեստական բանականության եւ ստարտափների մասին:
Ներկայացնում ենք մի քանի հատված նախագահի ելույթից:
Արհեստական բանականության մասին
Այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու եւ մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում: Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչեւ այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը:
Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել: Կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը:
Ստարտափների մասին
Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին: 21-րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար: Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյոք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություններն են, կապված են բնական պաշարների հետ: Ո՛չ: Microsoft, Google, Facebook եւ այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատից կողմից, ովքեր նորարարության ուժն են ունեցել:
Իրականության եւ վիրտուալ աշխարհի մասին
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջեւ սահմանները վերանում են: Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ: Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում: Ի վերջո, վիրտուալը գնալով ավելի գերիշխող է դառնում:
Սակայն վիրտուալը համաշխարհային, փոխկապացված աշխարհում միայն մեր կյանքը, բանկային հաշիվները, մեր կյանքի մասին տեղեկատվությունը չէ: Այն վերածվում է այն ամենի, ինչ մենք անում ենք:
Կրթության մասին
Հայաստանը կարող է նոր գաղափարներ ստեղծել կրթական ոլորտում: Կրթությունը կարեւոր է, սակայն այն կփոխվի: Այսօր 2-ամյա տղայի կամ աղջկա ձեռքում հայտնվող առաջին գործիքը հեռախոսն է, iPad-ը: Նրանք այնքան տաղանդավոր են, որ կարողանում են շատ արագ գտնել այն, ինչ փնտրում են: Երբ դառնում են 3 տարեկան, նրանց տալիս են գիրք: Եվ ո՞րն է լինում նրանց ռեակցիան գրքին: Նրանք մտածում են, թե գիրքը կոտրված iPad-ն է, որը չի աշխատում: Իհարկե, ի վերջո նրանք կկարդան այդ գիրքը, սակայն կրթությունը տարբեր կլինի: