10:18 | 10.06.19 | Նորություններ | 1361
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի ու Վաշինգտոնում ՏՏ եւ նորարարությունների ոլորտի առաջատար Institute for Education կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Քեթրին Քեմփերի կողմից կազմակերպված քննարկմանը:
Ներկա էին Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավար կազմն ու անդամները: Հանդիպման մասնակիցների թվում էին նաեւ ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր խորհրդականի տեղակալ Քորիանա Զարեկը, Սպիտակ տան նորարարությունների խորհրդի գործադիր տնօրեն Ջոշուա դի Ֆրանսեզը եւ Սպիտակ տան նորարարությունների խորհրդի ծրագրի նախագահ Կլարա Ցաոն:
Սպիտակ տան նորարարությունների ծրագրում ներկայում ընդգրկված են ԱՄՆ պետական ու մասնավոր ոլորտները ներկայացնող հաստատությունների ու խոշոր կորպորացիաների նորարարությունների ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր ԱՄՆ նախագահի հովանու ներքո գործող այս ծրագրի շրջանակում աշխատում են ոլորտի` երկրի համար առաջնային նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է նորաստեղծ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթները, ինչպես նաեւ հակիրճ խոսել է նախարարի` Սիլիկոնյան հովիտ կատարած այցի մասին:
Հակոբ Արշակյանն իր հերթին խոսել է բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի առաջընթացի, նախարարության ընթացիկ ծրագրերի ու նպատակների մասին, ներկայացրել Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, Հայաստանում ներդրումային հնարավորությունները:
Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի գործարար միջավայրին, ոլորտի կրթական բարեփոխումներին, նորարարական լաբորատորիաների ստեղծմանը, կիբեռանվտանգությանը եւ այլն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել վերոնշյալ ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները խորացնելու շուրջ: