15:30 | 07.06.19 | Նորություններ | 9658

«Յանդեքս»-ը նոր նախագծեր կիրականացնի Հայաստանում

«Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինան եւ գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը:

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նրանք նշել են, որ շահագրգռված են Հայաստանում «Յանդեքս»-ի գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության:

Նրանց խոսքով՝ «Յանդեքս»-ը հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես՝ զբոսաշրջության եւ փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները եւ օժանդակել դրանց իրականացմանը: