14:20 | 07.06.19 | Նորություններ | 4694

Ինեկոբանկն ընդգրկվել է Եվրոպական Ֆինթեք Նավիգատորում

Ամստերդամում ս.թ. հունիսի 3-ից 5-ը կայացել է Money 20/20 համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերությունները։

Ինեկոբանկը, հանդիսանալով տարածաշրջանի առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը եւ լինելով «Հոլանդ Ֆինթեք» կազմակերպության տարածաշրջանում միակ պաշտոնական գործընկերը, եւս մասնակցում էր համաժողովին։

Ինչպես հաղորդում են Ինեկոբանկից, Money 20/20 համաժողովի մասնակցությունն ուներ երկու կարեւոր նպատակ՝ առաջինն այստեղ իրենց լուծումներն են ներկայացրել այնպիսի համաշխարհային առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Alipay-ը, WeChat-ը, Stripe-ը, Huawei-ը, որոնք իրենց լուծումներով այսօր սահմանում են տեխնոլոգիական ոլորտի տենդենցները, իսկ երկրորդ, ոչ պակաս կարեւոր, նպատակն էր հանդիպել տարբեր առաջադեմ տեխնոլոգիական ընկերությունների հետ եւ քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները։

«Աշխարհը շատ արագ է զարգանում, եւ այս դինամիկ միջավայրում առաջնային է դառնում ընդլայնել գործընկերային հարաբերությունները՝ դառնալով բիզնեսի գլոբալ համայնքի մասնակից։ Այս առումով մենք կարեւորում ենք այն փաստը, որ Ինեկոբանկն ընդգրկվեց «Հոլանդ Ֆինթեք»-ի կողմից ներկայացված «Եվրոպական Ֆինթեք Նավիգատոր» պարբերականի 2019 թվականին լույս տեսած հրապարակման մեջ, որտեղ ընդգրկված են եվրոպական ֆինթեք ոլորտի առաջադեմ եւ ամենահաջողված նախագծերը։ Հավելեմ, որ այս տարվա պարբերականում ընդգրկված են 202 ընկերություն եվրոպական 17 երկրներից»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Ինեկոբանկը հանդես է եկել մի շարք կարեւոր նախաձեռնություններով, որոնց իրականացումը կնպաստի հայկական ՏՀՏ ոլորտի զարգացմանն ու Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը համաշխարհային տեխնոլոգիական հարթակներում։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: