12:09 | 07.06.19 | Նորություններ | 4557
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ:
Վարչապետը կարեւորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտը ու այդ նպատակով գործադիրն իր գործիքակազմերով անելու է ամեն ինչ` խթանելու ոլորտի զարգացումը:
Վարչապետն Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երեւանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ իսրայելական ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը:
Ահարոն Ահարոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման եւ իսրայելական ընկերություններին երեւանյան կոնգրեսին մասնակցելու հրավերի համար: Նա նշել է ՏՏ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժը եւ այդ առումով կարեւորել մասնավոր հատվածների միջեւ փոխգործակցությունն ու կապերի ընդլայնումը:
Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի խոսքով` բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իսրայելական գործակցությունը կարող է ունենալ մեծ հեռանկարներ եւ հավելել, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու ամրապնդմամբ:
Ահարոն Ահարոնը վստահություն է հայտնել, որ երեւանյան կոնգրեսին իր մասնակցությունը կունենան իսրայելական տարբեր ընկերությունները: Նա նշել է, որ 1971 թվականից սկսած պետությունը մեծ ուշադրություն է դարձրել տեխնոլոգիական ոլորտին եւ ներկայացրել այն քայլերը, որոնք նպաստել են բնագավառի զարգացմանը:
Փոխգործակցության առումով Ահարոն Ահարոնն առաջարկել է դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը եւ միջպետական պայմանագրի ստորագրումը:
Հայաստանի վարչապետը ողջունել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի առաջարկները եւ կարեւորել այդ ուղղությամբ առաջիկայում գործնական քայլեր իրականացումը: