15:13 | 09.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 20178

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. RetentionForce

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

RetentionForce-ը մարքեթինգային եւ հաճախորդների սպասարկման ավտոմատացման համակարգ է` նախագծված գեղեցկության սրահների համար:

Համակարգն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ նպաստում է հաճախորդների վերադարձին, օգնում է ներգրավել նոր հաճախորդներ եւ բարելավել սպասարկման որակը:

Ստարտափի հիմնադիրներն են Simply Technologies, Truthly, JSConf եւ OD Blow Dry Bar-ի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանը եւ OD Blow Dry Bar տնօրեն Հրաչուհի Առաքելյանը:

Ալեքսանդր Ադամյանը Itel.am-ին պատմել է, որ RetentionForce-ն առանձնանում է նմանատիպ պրոդուկտներից բարձր արդյունավետությամբ եւ սրահի հաճախորդների ներգրավվածության մակարդակով, քանի որ ամբողջ շփումը կատարվում է անձնական զրույցի տեսքով:

«Որպես առաջնային թիրախային շուկա RetentionForce-ն ընտրել է հենց գեղեցկության սրահների ոլորտը, քանի որ ի սկզբանե այն ստեղծվել էր OD Blow Dry Bar -ի համար: Այս պահին RetentionForce-ը աշխատում է Facebook Messenger հարթակում եւ ապագայում հասանելի կլինի նաեւ այլ հավելվածների մեջ», -տեղեկացրել է Ալեքսանդր Ադամյանը:

Armenia Startup Academy-ին մասնակցությունը ստարտափին հաղորդել է նպատակասլացություն, ինչի շնորհիվ հիմնադիրներն ամբողջությամբ կենտրոնացել են այս նախագծի վրա:

«Անհատական մեկը-մեկին խորհրդատվությունները աքսելերացիոն ծրագրի ընթացքում մեծ ազդեցություն ունեցան զարգացման ուղու եւ ստրատեգիկ որոշումների վրա: Բացի դրանից շատ օգտակար էին փիչինգ թրեյնինգները: Եվ ամենակարեւոր արդյունքներից էին նոր կապերը հրաշալի եւ պատրաստակամ մարդկանց հետ»,- նշել է Ալեքսանդր Ադամյանը:

Առաջիկա մեկ տարում RetentionForce-ը կպատրաստի պրոդուկտը օնլայն վաճառքների համար եւ կսկսի գլոբալ վաճառքները՝ հասցնելով հաճախորդների քանակը մի քանի հարյուրի:

«Կախված ընթացքից՝ հնարավոր է նաեւ ներգրավվենք ներդրումներ՝ աճը արագացնելու համար»,- հավելել է Ալեքսանդր Ադամյանը:

Հիշեցնենք, որ RetentionForce-ը մարտին Երեւանում կայացած Index Ventures Armenia Tech Summit-ի շրջանակում հաղթել է փիչինգ մրցույթում՝ ստանալով $25 հազ. ներդրում: