17:01 | 04.03.19 | Նորություններ | 9678
Beeline-ը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) կլոր սեղանի ընթացքում ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր հայ երիտասարդներին երկրի աշխատաշուկայում պահելն ու նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները բարելավելը։
2018թ. մայիսից մեկնարկած ծրագրի շրջանակում ՀԳՀՄ-ն ընտրված 5 դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների, ինչպես նաեւ կրթական այլ տարբեր հաստատությունների ուսանողների համար իրականացրել է ձեռնարկատիրական մտածելակերպ խթանող միջոցառումներ՝ այցելություններ ձեռնարկություններ, ֆակուլտատիվ պարապմունքներ, գործատուների հետ հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ ու սեմինարներ:
Դրանց միջոցով աշակերտները եւ ուսանողները տիրապետել են ՏՏ եւ հեռահաղորդակցության ու ճարտարագիտության ոլորտներում լրացուցիչ գիտելիքների, ձեռք են բերել տեղեկատվություն եւ նոր պատկերացումներ տնտեսության կարեւորագույն ճյուղերի զարգացման եւ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:
«Բարձր եմ գնահատում Beeline-ի սոցիալական պատասխանատվության շրջանակում երիտասարդներին աջակցելը՝ իրենց ապագա մասնագիտական կողմնորոշման բնագավառում: Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ Beeline-ում, նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից անցկացված ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր ուղղությունների մասին թրեյնինգի կարեւորությունը»,- նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ես վստահ եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջողության հասնելու կարեւորագույն գրավականն է, եւ մեր նպատակն էր երիտասարդներին տալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որպեսզի նրանք գիտակցված եւ մտածված որոշում կայացնեն։ Հուսով եմ, այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդներն իրենց սիրելի գործով կզբաղվեն եւ մեծ հաղթանակներ կապահովեն իրենց եւ Հայաստանի համար»,- ընդգծել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նախագծի արդյունքում 60 աշակերտներ մասնակցել են ֆակուլտատիվ դասերի, 93-ը՝ այցելել են տարբեր ձեռնարկություններ, շուրջ 70 ուսանողներ մասնակցել են գործատուների հետ հանդիպումներին՝ աշխատաշուկայի պահանջների եւ տնտեսության զարգացող ճյուղերի վերաբերյալ քննարկումների, 10 երիտասարդների տրվել է խորհրդատվություն՝ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ: