15:31 | 04.03.19 | Նորություններ | 6584

Գերմանական ընկերությունները կմասնակցեն WCIT 2019-ին

WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանն ու Գերմանիայի արեւելյան գործարար ասոցիացիայի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Շտեֆան Քեգեբայնն այսօր քննարկել են աշնանը կայանալիք համաժողովին Գերմանիայի մասնակցության ձեւաչափը:

Գերմանացի հյուրերը հետաքրքրվել են հատկապես «Խելացի քաղաք», «Կլիմայի փոփոխություն», «էլեկտրոնային առեւտուր» թեմաներով, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում։

«Մեր ասոցիացիան, որի անդամ են գերմանական ծագման խոշորագույն մի շարք ընկերություններ, պատրաստ է աջակցել թիրախավորված խոսնակների եւ գերմանական ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցում»,- նշել է Շտեֆան Քեգեբայնը։

«Մենք փաստեցինք նաեւ երկու ասոցիացիաների պատրաստակամությունը՝ աջակցելու հայաստանյան եւ գերմանական ընկերությունների միջեւ նոր գործարար կապերի ստեղծմանը, ներդրումներին ու համագործակցությանը»,- ընդգծել է Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում կայանալիք համաժողովը կհամախմբի տեխնո ոլորտի 2500 ներկայացուցչի ավելի քան 80 երկրից: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու իրավունքը ձեռք է բերվել ԻՏՁՄ-ի կողմից դեռեւս 2014-ին՝ Մեքսիկայում անցկացվող համաժողովի ընթացքում: