10:21 | 21.02.19 | Հարցազրույցներ | exclusive 49231

Ավետ Մանուկյան. ԱՄՆ-ում ներկայացրինք ԱԲ-ով աշխատող «Դոկտոր Լեքս» համակարգը

Փետրվարի 11-15-ը Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիրներից Sylex SARL ընկերությունը ԱՄՆ-ում մասնակցել է HIMSS19 Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) միջազգային համաժողովին:

Արդյունքների մասին Itel.am-ը զրուցել է ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:

- Համաժողովի ցուցահանդեսային հարթակում ներկայացաք առանձին տաղավարով: Ի՞նչ լուծումներ էիք ներկայացնում:

- Ներկայացնում էինք արհեստական բանականության կիրառմամբ ախտորոշիչ որոշումներին աջակցող մեր համակարգը։

Մեր ընկերության ծրագրավորողների մշակած ռոբոտ-համակարգը կարող է կատարել թերապեւտ-բժշկի օգնականի դեր եւ օգնել մասնագետ բժշկին առավելագույնս ճիշտ ախտորոշում կատարելու հարցում։ Էությունն այն է, որ որպես բժշկի օգնական հանդես եկող արհեստական բանականության համակարգը, պացիենտի ախտանշանների, լաբորատոր հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա կանխատեսում է հնարավոր հիվանդությունը, առաջարկում կասկածվող հիվանդությունը հաստատող կամ բացառող հետազոտություններ։ Այսինքն, համակարգն օգնում է բժշկին արագ եւ առավելագույնս ճշգրիտ ախտորոշում կատարել, խուսափել սխալ ախտորոշումների հավանականությունից։

Sylex SARL-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը HIMSS19-ում Sylex SARL-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը HIMSS19-ում
photo © Sylex SARL

- Որքանո՞վ էր համաժողովին մասնակցությունն արդյունավետ Ձեր ընկերության համար եւ ի՞նչ արդյունքներ գրանցեցիք:

- HIMSS Health IT Conference-ին, որպես առողջապահության ոլորտում գործող ՏՏ ընկերություն, մենք միշտ ներկա ենք եղել որպես այցելու՝ ոլորտում կատարվող նորարարություններին ծանոթանալու նպատակով։

Այս տարի մենք առաջին անգամ ներկայացանք տաղավարով միջազգային այնպիսի հսկաների կողքին, ինչպիսիք են IBM-ը, Oracle Corporation-ը, եւ այլն։ Առաջին անգամ էին հայ ծրագրավորողները նման ձեւաչափով մասնակցություն ունենում այս խոշորագույն ֆորումին։ Դա ոչ միայն հետաքրքիր էր, այլեւ ինչ-որ առումով՝ պատասխանատու։

photo © Sylex SARL

Մասնակցությունը մեզ համար կարեւոր էր՝ հասկանալու համար, թե մենք՝ որպես առողջապահության ոլորտում մասնագիտացած ՏՏ ընկերություն, որտեղ ենք գտնվում աշխարհում կատարվող զարգացումների համատեքստում, ընդհանուր «կոորդինատային համակարգում»։ Այսինքն՝ հասկանալ ոլորտի զարգացման միտումները, առաջ գնալ դրանց համահունչ, բայց հանդես գալ մեր առանձնահատուկ պրոդուկտով։

Ի դեպ, մեր տաղավարն ամենամարդաշատերից էր։ «Դոկտոր Լեքս» կոչվող համակարգն իսկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Բժիշկ-այցելուներին հիմնականում հետաքրքրում էին նրա կարողությունները։ Սկզբում, որպես կանոն, թերահավատորեն էին մոտենում, սկսում փորձարկել, վերջում՝ ոգեւորությամբ հեռանում։ Դա մեզ համար ամենակարեւորն էր։ Գլխավոր եզրահանգումն այն էր, որ համակարգը միանշանակ պահանջարկ ունի, օգտակար է բժշկական հանրության համար, քանի որ հանգեցնելու է թե՛ գումարի, թե՛ ժամանակի խնայողության:

photo © Sylex SARL

Ամենակարեւոր արդյունքն այն էր, որ մեծ թվով պայմանավորվածություններ ձեռք բերեցինք արտերկրի, հատկապես՝ ամերիկյան բժշկական հաստատությունների հետ, մեր կողմից առաջարկվող համակարգն իրենց մոտ պիլոտային ռեժիմով փորձարկելու համար։ Դա իրականում այն էր, ինչ մենք ակնկալում էինք ֆորումին մեր մասնակցությունից։

- Որո՞նք են Ձեր ընկերության առաջիկա մեկ տարվա ծրագրերը:

- Արհեստական բանականության մեր պրոդուկտի մասով պետք է նշեմ, որ դրա մշակումն ավարտված է եւ հիմա այն փորձնական գործարկման փուլ է մտնում։ Քանի որ սա առողջապահական ոլորտի պրոդուկտ է, շատ ավելի հանգամանորեն փորձարկում պիտի անցնի, որպեսզի վստահ լինենք, որ միանշանակ ծառայելու է իր նպատակին։

Փորձարկումն անցկացվելու է տարբեր երկրներում՝ բժիշկների կողմից՝ հատուկ դրա համար ստեղծված տեխնիկական պլատֆորմի միջոցով։ Մեր ակնկալած արդյունքներն ունենալուն պես փորձարկման ռեժիմից արդեն կանցնենք իրական գործարկման փուլին։ Առաջիկա մեր հիմնական ծրագիրը սա է լինելու։

photo © Sylex SARL

Ասեմ նաեւ, որ նախատեսում ենք ընդլայնել համակարգի, այսպես ասած, «գործունեության շրջանակը», որպեսզի այն օգնի ոչ միայն պացիենտի ախտորոշման, այլեւ հետագա բուժումը նշանակելու հարցում։

Ավետ Մանուկյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը