11:06 | 14.02.19 | Նորություններ | 18781
Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն անցկացվող HIMSS19 Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) միջազգային համաժողովին:
Դրա շրջանակում համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։
Համաժողովին մասնակցում են նորարարական մոտեցումներ եւ նոր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններ, առողջապահության, դեղագործության ոլորտների, աշխարհի հայտնի բժշկական համալսարանների ներկայացուցիչներ։
Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հիմնադիրներից Sylex SARL ընկերությունը համաժողովի ցուցահանդեսային հարթակում հանդես է գալիս առանձին տաղավարով՝ ներկայացնելով էլեկտրոնային առողջապահության ոլորտի իր նոր լուծումները, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ ախտորոշիչ որոշումներին աջակցող համակարգը։
Ընկերության հայ մասնագետների մշակած ռոբոտ-համակարգը կարող է կատարել թերապեւտ-բժշկի օգնականի դեր եւ օգնել մասնագետ բժշկին առավելագույնս ճիշտ ախտորոշում կատարելու հարցում։
«HIMSS-ին մասնակցելը երկու նպատակ ունի՝ ներկայացնել քեզ եւ ծանոթանալ աշխարհում ոլորտում կատարվող նորարարություններին։ Որպես առողջապահության ոլորտում գործող ՏՏ ընկերություն, մենք հետեւում ենք ոլորտի ընդհանուր զարգացումներին։ Մեր ինժեներները նույնպես ձգտում են նորին, ավելի բարձրին։ Մենք ամեն տարի HIMSS-ում եղել ենք որպես այցելու՝ նորարարություններին ծանոթանալու համար։ Հպարտ ենք, որ այս տարի միջազգային այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք ենք, օրինակ, IBM-ը, Oracle Corporation-ը եւ այլն, ունենք մեր տաղավարը»,- նշել է Sylex SARL ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
Նրա խոսքով, ոլորտում այսօր մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ կա ԱԲ համակարգերի նկատմամբ։ Ներկայացված համակարգը՝ թերապեւտ բժշկի ռոբոտ-օգնականը, կարող է բժշկին օգնել արագ եւ ավելի ճշգրիտ ախտորոշում իրականացնել, խուսափել ավելորդ չափումներից ու հետազոտություններից, ինչպես նաեւ խնայել բժշկի ժամանակը, որը նա կարող է օգտագործել ուրիշ հիվանդների ընդունելու համար։
«Համակարգը բժշկական հանրության համար է ստեղծված՝ որպես բժիշկների գործիք։ Երբ որ թեստավորման ընթացքում համոզվենք նրա բացարձակ արդյունավետության մեջ, արդեն կարող ենք վստահ առաջարկել օգտվել մեր «դոկտոր Լեքսի» ծառայություններից։ Իսկ առայժմ նախատեսում ենք այն փորձարկել համալսարանական շրջանակում. հնարավորություն ստեղծել բժշկական համալսարանների ավարտական կուրսերի ուսանողների համար մրցել արհեստական բանականության պրոդուկտի հետ»,- ընդգծել է Sylex SARL-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բադալյանը։
Ընկերության ծրագրավորողների կողմից ռոբոտ-համակարգի մշակման աշխատանքներում ներգրավվել են նաեւ բժիշկներ, օգտագործվել են հայտնի Merck կազմակերպության բժշկական հանրագիտարանները, PubMed-ի տեղեկատվական բազաները։