16:19 | 13.02.19 | Նորություններ | 10559

ՎիվաՍել-ՄՏՍ. Տեսախցիկները Հայաստանում կովկասյան հովազ են ֆիքսել

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» (World Land Trust)-ի աջակցությամբ, 2011 թվականից հստակ քայլեր է իրականացնում Հայաստանում բնության եւ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված նորագույն «թակարդ»-տեսախցիկներն էապես նպաստում են անհրաժեշտ մշտադիտարկումների կատարմանը: Դրանց օբյեկտիվները տարբեր ժամանակ հասցրել են ֆիքսել շատ կենդանիների՝ բեզոարյան այծերի, գորշ արջի, գառնանգղերի, լուսանի, անտառակատվի, գայլերի, վարազների եւ աղվեսների շուրջօրյա շարժը: Վերջին դիտարկումները հատկապես կարեւոր ձեռքբերում են: Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:

Արդեն 8 տարի տարածքը գտնվում է հիմնադրամի վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների եւ մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր դեպքերը:

Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել՝ լինելով միգրացիոն միջանցքի մի մաս: Էապես ավելացել է մի շարք տեսակների, մասնավորապես՝ բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարեւոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի առկայությամբ: Ըստ առկա տվյալների, Հայաստանի տարածքում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի:

Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից, երբ առաջին անգամ ձյան վրա նկատվեցին հովազի առաջին ոտնահետքերը: Կենդանու մազափնջի գենետիկ ստուգումներն հավաստեցին, որ դրանք պատկանում են հովազին: 2013թ. տեղադրված տեսախցիկներն երեք անգամ տեսագրել են տարածքում բնակվող արու հովազին, արդեն երկրորդ հովազին հաջողվել է տեսագրել 2018թ. եւ 2019թ. հունվարին: