12:10 | 13.02.19 | Նորություններ | 24301

ServiceTitan-ը գրասենյակ է բացել Հայաստանում

Հայ հիմնադիրներ ունեցող, տնային ծառայությունների ոլորտում բիզնես կառավարման լուծումներ առաջարկող ամերիկյան ServiceTitan ընկերությունը հայտարարել է Հայաստանում գրասենյակ բացելու մասին:

Ընկերությունն արդեն գրասենյակներ ունի Լոս Անջելեսում եւ Ատլանտայում, որտեղ ավելի քան 600 հոգի է աշխատում:

«Մեր արմատները Հայաստանում են եւ մեզ համար իսկապես կարեւոր է ոչ միայն ներկայություն ունենալ այստեղ, այլ նաեւ ներդրում կատարել համայնքում: Մեր նպատակն է աջակցել աշխատուժի կրթությանը եւ տրամադրել հնարավորություններ, որպեսզի լավագույնները հարկադրված չլինեն լքել երկիրը»,- ասել է ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը:


2012թ. Արա Մահդեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված ServiceTitan-ը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը:

Ընկերությունն այսօր ունի 2500 հաճախորդ ընկերություն ԱՄՆ-ում եւ Կանադայում: Դրանք ներկայացնում են 50 հազ. տեխնիկական մասնագետի, որոնք տարեկան ավելի քան 10 մլրդ գործարքներ են իրականացնում տնային ծառայությունների ոլորտում:

«Երեւանում սկզբում կգործի մեր ինժեներական գրասենյակը, որտեղ կաշխատեն ավագ ինժեներներ՝ հիմնականում մեր պրոդուկտի զարգացմամբ զբաղվող թիմն ընդլայնելու նպատակով: Եթե դա հաջողությամբ ստացվի, ապա աշխատակիցների թիվը կաճի: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ եւ արագ մենք կկարողանանք զարգանալ»,- նշել է Վահե Կուզոյանը:


«Ցանկանում ենք, որ բոլորը՝ սկսած ուսանողներից մինչեւ ավագ ինժեներներ, իմանան, որ եթե աշխատեն մեզ համար, ապա կարող են համաշխարհային մակարդակի հասնել: Սա չի լինելու աշխատավայր, որտեղ մի քանի տարուց կարելի է ձանձրանալ եւ նոր հնարավորություններ որոնել»,- նշել է ServiceTitan-ի համահիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Արա Մահդեսյանը:

2018թ. մարտին ServiceTitan-ը ներդրումային C շրջանում $62 մլն ներգրավեց: Ներդրումային շրջանը գլխավորեց Battery Ventures-ը: Նույն տարվա նոյեմբերին ընկերությունը ներդրումային D ռաունդում $165 մլն ներգրավեց եւ այսուհետ գնահատվում է $1,65 մլրդ: Ներդրումային ռաունդը գլխավորում էր Index Ventures-ը: