12:12 | 11.12.18 | Նորություններ | 3379

STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին

Դեկտեմբերի 14-ին ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը, որը կազմակերպում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

ՁԻՀ-ում տեղեկացրել են, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 41 թիմ: Դրանցից 10-15-ը կմասնակցեն մրցույթի եզրափակչին, որի շրջանակում իրենց գաղափարները կներկայացնեն ժյուրիին: Լավագույն 5 թիմերը կարժանանան դրամաշնորհի:

Մրցույթին մասնակցում են նախագծեր, որոնք ուղղված են նոր, առեւտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը եւ/կամ հետագա զարգացմանը:

Մրցույթի նպատակն է ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում եւ նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առեւտրայնացմանը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ բարձր տեխնոլոգիաների նորարարությունների ուղղություններում: