10:44 | 13.12.16 | Նորություններ | 87305

Հայտնի են «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի հաղթողները

Հայտնի են դեկտեմբերի 11-ին ISTC նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած Գիտության, տեխնոլոգիաների եւ ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսի հաղթողները:

Մրցույթի կազմակերպիչ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (ՁԻՀ) տեղեկացրել են, որ  կոնֆերանսի ընթացքում ժյուրիին ներկայացվել է 20 ներդրումային ծրագիր, որոնք մշակվել են թիմերի կողմից «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի շրջանակում:

Հաղթող են ճանաչվել հետեւյալ 5 թիմերը, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 2 մլն 800 հազ. դրամ մրցանակ՝ նորարար գաղափարներն իրականություն դարձնելու համար:

Social Bridge հարթակը կապում է սոցիալական ցանցերում բովանդակություն գեներացնող օգտատերերին եւ այն կազմակերպություններին, որոնք ինֆորմացիայի փնտրտուքի մեջ են՝ իրենց բիզնեսը բարելավելու համար։ Այս հարթակը թույլ է տալիս Facebook-ի օգտատերերին իրենց գրառումների ու հրապարակումների միջոցով գումար աշխատել:

Triple-E լրացված, վիրտուալ կամ զուգակցված իրականության տեխնոլոգիան միտված է լրացնելու տեսողական մատուցվող նյութի անկատարությունը՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիայից օգտվողներին իրական ժամանակում իրենց հեռախոսի միջոցով ստանալ հավեյլալ տեղեկատվություն հեռախոսի թվային ֆոտոխցիկի միջոցով դիտվող ցանկացած օբյեկտի վրա՝ նկարի, տեսահոլովակի, եռաչափ օբյեկտի կամ ձայնային պարունակության տեսքով:

Varkatu.am հարթակը նախատեսված է բիզնեսի եւ ներդերողների միջեւ կապ հաստատելու համար: Այն առաջարկում է նոր լուծումներ օնլայն banking-ի ոլորտում, որը կտարբերվի ավանդական բանկային համակարգից եւ ավելի կհեշտացնի վարկատուների ու վարկառուների կապը:

Appress-ն օգնում է մարդկանց հարմարավետ կարդալու ընտրված երկրի ԶԼՄ-ների լուրերը: Այն ընձեռում է հոդվածն ամբողջությամբ թարգմանելու հնարավորություն:

Loyal Club-ը հնարավորություն է տալիս ընկերություններին իմանալ իրենց հիմնական/վերջնական սպառողին:

Միջոցառման նպատակն էր խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առեւտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ), ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում: Այս տարի մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 80-ից ավելի թիմեր:

Մրցույթի ժյուրին բաղկացած էր ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի փորձագետներից: Ժյուրիի կազմում էին Քրոսսպրինգ ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքանդ Վերուին, «Այբ» դպրոցի տնօրեն եւ ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը եւ Ի-Վի Քոնսալթինգի խորհրդատու Վալերիա Արզանգուլյանը: