13:02 | 12.11.18 | Նորություններ | 12342
Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը:
Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության եւ լինոփորագրություն վարպետության դասի միջոցով մասնակից երեխաներին ծանոթացնել Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի՝ համաշխարհային անուն ունեցող հեղինակների հետ, որոնք ապրել եւ ստեղծագործել են Փարիզում։
Լինոփորագրության վարպետության դասն անցկացվել է արվեստագետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից գործընթացի վերաբերյալ համառոտ նախաբանը ներկայացնելուց հետո։
Նախագիծն իրականացվել է Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի եւ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի նկարչության խմբակների սաների համար: Որպես ծրագրի երկրորդ փուլ՝ նախատեսվում է մասնակից երեխաների ճանաչողական այցը Երեւանի Ռուսական արվեստի թանգարան:
Ծրագրային նմանօրինակ համագործակցությունն ու ձեւաչափը նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնել թանգարանային մշակույթի նկատմամբ, սովորեցնել ձեռքի աշխատանքի նրբություններն ու արվեստի գործերը սեփական ձեռքերով վերարտադրելու հնարավորություն ընձեռել։