16:44 | 29.10.18 | Նորություններ | 8158

31 թիմ մասնակցել է Գյումրիում կայացած Ստարտափ Bootcamp-ին

Հոկտեմբերի 27-28-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է Ստարտափ Bootcamp միջոցառումը, որին մասնակցել է 31 ստարտափ:

Միջոցառման կազմակերպիչն էր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP) շրջանակում:

photo © Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Bootcamp-ի նպատակն էր պատրաստել թիմերին նոյեմբերի 21-22-ը կայանալիք EU4Business STEP դրամաշնորհային ծրագրի եզրափակչին, որի շրջանակում հաղթող թիմերը կստանան €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ եւ 6 ամիս տեւողությամբ դրամաշնորհ: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը, մենթոր Չուս Լոզանոն, ISTC բիզնեսի զարգացման մենեջեր Արեգ Գեւորգյանը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC կենտրոնի գործառնական ղեկավար Արամ Քեռյանն աշխատել են ընտրված թիմերի հետ՝ բիզնես մոդելի մշակման, գաղափարի հաստատման եւ պատշաճ ներկայացման (pitching) հարցերի շուրջ:

photo © Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագիրն (EU4Business STEP) իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: