15:27 | 26.10.18 | Նորություններ | 13140

Beeline-ը եւ ՄԻԿ Հայաստանը հայտարարել են պրոդուկտի մշակման ճամբարի մեկնարկի մասին

Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարել են նոր ձեւաչափի ճամբարի մեկնարկի մասին։

Ճամբարն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր տարբեր ոլորտների խնդիրների համար ունեն նորարար գաղափարներ, որոնք հետագայում կարող են դառնալ արդյունավետ եւ եկամտաբեր պրոդուկտ։

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 14-ը դիմում-հայտ ներկայացնել այստեղ:

Նախնական ընտրությունից հետո լավագույն 10 գաղափարներ ներկայացնող թիմերը կանցնեն մեկօրյա ինտենսիվ աշխատաժողով, որի ընթացքում կհանդիպեն տարբեր փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների եւ տեխնիկական մասնագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները, կստանան խորհրդատվություն պոտենցիալ շուկայի, օգտատերերի, պրոդուկտի հնարավոր հատկանիշների վերաբերյալ։

Աշխատաժողովին կհաջորդի երկշաբաթյա աշխատանքը մենթորների հետ, որի ավարտին իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներից, ձեռներեցներից, ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրիին, որը կընտրի լավագույն երկու թիմին։ Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված թիմերին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ գաղափարը պրոդուկտի նախատիպի վերածելու համար։

«Աշխարհում ընդունված ձեւաչափ է հաքաթոնը, որի ընթացքում թիմերը 24 ժամում պետք է մշակեն գաղափար որոշակի խնդիր լուծելու համար, եւ մենք ունենք նման մրցույթներ կազմակերպելու փորձ։ Բայց այս անգամ որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ եւ թիմերին օգնել իրենց գաղափարների զարգացման հարցում, որպեսզի ոչ մի լավ գաղափար չկորի եւ անպայման վերածվի մի օգտակար պրոդուկտի, որը մեր կյանքը կդարձնի ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ճամբարի ձեւաչափը հնարավորության կտա հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին, ովքեր նաեւ ունեն տեխնիկական հմտություններ, զարգացնել իրենց գաղափարը, կատարել հետազոտություն, մենթորների օգնությամբ հասկանալ իրենց պրոդուկտի շուկան, օգտատերերին, ինչպես նաեւ ճամբարի վերջում ստանալ ֆինանսական միջոցներ եւ կարճ ժամանակում ստանալ նախատիպը»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ/իկ, ով ունի/ունեն նորարար, առկա որոշակի խնդիր լուծող եւ ֆինանսական տեսանկյունից իրատեսական լուծում։а