17:52 | 25.10.18 | Նորություններ | 8808

    Կիբեռանվտանգությանը նվիրված ArmSec 2018 կոնֆերանսը կկայանա նոյեմբերի 24-ին

    Հոկտեմբերի 24-ին Hero House-ում կայացել է OWASP (Open Web Application Security Project) Armenia-ի ամենամսյա հավաքը, որի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 23-24-ին անցկացվելիք ArmSec կոնֆերանսը եւ Capture The Flag մրցույթը։

    ArmSec-ը միջազգային կիբեռանվտանգությանը վերաբերող ամենամյա կոնֆերանս է, որի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը եւ կիբեռանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։

    Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից:


    ArmSec կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

    Կոնֆերանսի հիմնական թեմաներն են՝

    - Հայաստանի կիբեռանվտանգության համայնքի անելիքներն ու խնդիրները ուղղված պետական եւ մասնավոր հատվածի թվային կառավարման (e-gov/gov-tech) բարեփոխումներին,

    - Հայաստանում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեռհարձակումներից,

    - Հանրային իրազեկումը տեղեկատվական անվտանգությանը վերաբերող խնդիրներին,

    - Կրթական ծրագրերում կիբեռանվտանգության ներառումը,

    - Կիբեռհարձակումների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացման խնդիրները,

    - Ransomware տիպի հարձակումները հայաստանյան բիզնեսների վրա․ պաշտպանության հնարավոր ուղիները եւ ազդեցությունները,

    - APT տեսակի թիրախավորված հարձակումները Հայաստանի պետական եւ մասնավոր կազմակերպությունների վրա,

    - DNSSEC վերաբերող խնդիրները եւ դրա ներմուծումը Հայաստանում,

    - Blockchain համակարգերում տեղեկատվական անվտանգության ռիսկերը:

    Կոնֆերանսին նախորդող օրը՝ նոյեմբերի 23-ին, կմեկնարկի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեռ-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների եւ առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։


    Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելով տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ։

    ArmSec Կոնֆերանսի եւ Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia-ն, Illyuria Security ընկերությունը եւ SmartGateVC վենչուրային ֆոնդը: