16:20 | 06.02.17 | Նորություններ | 4600

Հայտնի են Capture the Flag-ի հաղթողները

Հայտնի են փետրվարի 4-5-ը Հայաստանում առաջին անգամ անցկացված Capture the Flag համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթի հաղթողները:

ISTC նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում հաղթող է ճանաչվել 3 թիմ: Առաջին հորիզոնականում է HamBalls թիմը (11400 միավոր): Երկրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացնող թիմը (11200 միավոր), երրորդ տեղը՝ vir00s թիմը (9150 միավոր): Թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող եւ իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների:

Հայաստանում կիբեր անվտանգության զարգացմանը միտված մրցույթի շրջանակում մասնակիցներին տրամադրվել են սերվերներ, ծառայություններ, ծրագրեր եւ մոբայլ հավելվածներ, որոնք հարկավոր է եղել կոտրել: Մրցույթին մասնակցել է 120 հոգի (28 թիմ):

Մրցույթի կազմակերպիչներն են 1guard-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորները՝ Մայքրոսոֆթ Հայաստանը, Monitis-ը եւ ISTC կենտրոնը:

Նախատեսվում է, որ մրցույթը կունենա շարունակական բնույթ եւ կանցկացվի տարեկան 2-3 անգամ: