17:37 | 07.09.18 | Նորություններ | 8305

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումը համախմբել է երկու երկրների գործարարներին

Երեւանում այսօր կայացել է հայ-ամերիկյան բիզնես ֆորումը, որի շրջանակում Հայաստան ժամանած հյուրերին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը:

Ամերիկացի գործարարները եւ քաղաքական գործիչները ծանոթացել են հայաստանյան ընկերությունների հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Հայաստանում գործում է առողջ ՏՏ ոլորտ, որը հնարավորություններ է բացում բոլորի համար:

«Անցյալում եւս եղել են հարաբերություններ հայաստանյան եւ ամերիկյան ընկերությունների միջեւ, բայց այս անգամ փորձում ենք ամեն ինչ կազմակերպել ավելի համակարգված: Այցելությունն ունի B2B (business-to-business) ֆորմատ: Այցելում ենք տարբեր ընկերություններ, դպրոցներ»,- նշել է նա:

Ամերիկյան պատվիրակության անդամ, Կալիֆոռնիայի սենատոր Անտոնի Պորտանտինոն նշել է, որ Հայաստան են ժամանել տեղական մարտահրավերներին ծանոթանալու նպատակով:

«Միջոցառման նպատակն է շարունակել առկա երկխոսությունը: Որքան ավելի մանրակրկիտ ծանոթ լինես խնդիրներին, այնքան ավելի շատ կկարողանաս օգնել: Հույս ունենք շարունակել կամրջել երկու երկրների տնտեսական հնարավորությունները: Ինձ հետ այստեղ են ժամանել եւս երեք օրենսդիրներ, որոնք ներկայացնում են Լոս Անջելեսի տարբեր հատվածներ: Կարելի է ասել՝ սա մեր առաջին խոշոր բիզնես այցն է տարածաշրջան, որը կլինի շարունակական«,- ասել է նա:

Ֆորումի կազմակերպիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, հայաստանյան ՏՏ ոլորտի հիմնական գործընկերը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որին հասցեագրված է արտահանումների 60 տոկոսը:

«ԱՄՆ-ն աշխարհի տեխնոլոգիական առաջատարն է: Բնական է, որ համագործակցում ենք այդ երկրի ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական շրջանակների հետ, որպեսզի լավագույն միջավայրը ստեղծենք մեր ընկերությունների համար»,- նշել է նա: