11:56 | 07.09.18 | Նորություններ | 13399

Հայտնի են Երեւանում կայանալիք WCIT 2019-ի անցկացման օրերը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) կկայանա 2019թ. հոկտեմբերի 6-ից 9-ը Երեւանում՝ համախմբելով տեխնո ոլորտի 2500 ներկայացուցչի ավելի քան 80 երկրից:

WCIT 2019-ին նախնական գրանցման մեկնարկի մասին հայտարարվել է այսօր Երեւանում կայացած հայ-ամերիկյան բիզնես ֆորումի շրջանակում:


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համաժողովի կարգախոսն է «Ապակենտրոնացման ուժը»:

Համաժողովի գլխավոր թեմաներից են՝ նոր դարաշրջանի կրթություն, կրիպտոարժույթներ, արհեստական բանականություն, լրացված եւ վիրտուալ իրականություն, բլոկչեյն, ստարտափներ եւ ձեռներեցություն, մաքուր էներգիա, սմարթ քաղաքներ, մեքենայական ուսուցում եւ այլն:


WCIT 2019-ի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսը (WITSA) եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):