14:45 | 14.08.18 | Նորություններ | 6307

Հայտնի են DigiCamp ձեռներեցության ճամբարի հաղթողները

Հայտնի են այս տարի առաջին անգամ Արցախում անցկացված DigiCamp ձեռներեցության 6-րդ ամենամյա ճամբարի հաղթողները:

Ծմակահող գյուղում կայացած ճամբարին մասնակցել է 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, այդ թվում Արցախից, ինչպես նաեւ Ջավախքից:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից կազմակերպած տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքի արդյունքում եւ մենթորների աջակցությամբ բարելավել են իրենց գաղափարները:

Հաղթող է ճանաչվել RAEEOD նախագիծը: Ախալքալաքից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմը ներկայացրել էր երաժշտություն ունկնդրելու եւ որոնելու մոբայլ հավելված:


Մյուս նախագծերն են «Դասերդ ով բդի էնե» դպրոցականների ուսմանն օժանդակող համակարգչային ծրագիրը, որն արժանացել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարության հատուկ մրցանակին, «Ազդանշանային մոդուլ»-ը՝ առաջնագծի համար, «Մարզիկի հոգեբանությունը» բջջային հավելվածը, Armtour զբոսաշրջային համակարգչային ծրագիրը, TechnoGuide թանգարանների ցուցանմուշներին ծանոթացնող ծրագիրը, Project Sapper ական փնտրող ռոբոտը:

Նախագծերի հեղինակները Ucom-ի կողմից ստացել են սմարթֆոններ, ինչպես նաեւ նախագծերը կյանքի կոչելու ժամանակ անհրաժեշտ սերվերային տիրույթ:

«Հաղթող թիմին Ucom ընկերության կողմից կտրամադրենք 350 հազար դրամ ստարտափի մեկնարկի համար, ինչպես նաեւ U!Cloud ամպային համակարգում 1 տարվա բաժանորդագրություն», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

DigiCamp-ի շրջանակում մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: Ճամբարականները նաեւ համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ են ստացել «Ողջ մնալու արվեստի» հիմնադիր Վովա Վարդանովի խմբի եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից: