17:23 | 10.07.17 | Նորություններ | 7408

Հայտնի են DigiCamp2017-ի հաղթող գաղափարները

Հայտնի են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Հանքավանում անցկացված 5-րդ ամենամյա DigiCamp նորարարական ճամբարի լավագույն գաղափարները:

Առաջին հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» եւ «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձեւավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն:

2-րդ հորիզոնականում Թաթուլ Խաչատրյանի Body Power գաղափարի շուրջ ձեւավորված թիմն է: Գաղափարի նպատակն է ստեղծել հոսանք մարդու ներքին էներգիայի ջերմության շնորհիվ: Սարքը գոտու տեսք է ունենալու եւ նախատեսված է լեռնագնացների, արշավորդների եւ ճանապարհորդների համար:

3-րդ հորիզոնականում Խաչիկ Մովսիսյանի թիմն է «Ֆիզիկայի աշխարհում» գաղափարով: Այն իրենից ներկայացնում է ֆիզիկայի օնլայն լաբորատորիա, որը 2D որակով ցուցադրում է ֆիզիկայի տարբեր օրենքներ եւ բանաձեւեր: Լաբորատորիան նախատեսված է ուսուցիչների, աշակերտների եւ ուսանողների համար:

Ճամբարի շրջանակում 14-17 տարեկան 45 պատանիներ ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները, այնուհետեւ ընտրվել են լավագույն 7-ը: Տասնօրյա ճամբարի ողջ ընթացքում պատանիները լսել են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսություններն ու խորհրդատվությունները եւ թիմային աշխատանքների միջոցով զարգացրել դրանք՝ ճամբարի ավարտին ներկայացնելու համար:

DigiCamp2017-ի ավարտին մասնակիցները ցուցադրել են իրենց գաղափարները ժյուրիի անդամներին, որից հետո ընտրվել է լավագույն եռյակը: Հաղթող գաղափարների հեղինակները արժանացել են համապատասխանաբար 200, 150, 100 հազարական դրամ պարգեւի: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ԻՏՁՄ, «Ինստիգեյթ», «Վորլդ Վիժն Հայաստան», Kargin Optics, SEF International ընկերությունների ներկայացուցիչները:

Ճամբարի մասնակիցները ունկնդրել են ԻՏՁՄ, PicsArt, Ucom, Arloopa, AEGEE-Yerevan, Global am, «Լայմ Տեխ», «Սիներջի Ինթրնեշնըլ», «Ինստիգեյթ» ընկերությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունները եւ մասնագիտական դասախոսություններն ու խորհուրդները, ինչպես նաեւ մասնակցել «Ողջ մնալու արվեստի» դասընթացին, այցելել ճանաչողական արշավներ:

DigiCamp2017-ի գործընկերներն են՝ «Ինստիգեյթ», VOLO, One Armenia, Ucom, COAF, «Վորլդ Վիժն Հայաստան», «Սահման», «Լիդիան Արմենիա», «Հախվերդյան շինմոնտաժ» ընկերությունները, Հայ միության խաչ, «Անուշավան Աբրահամյան» բարեգործական, Հայ կրթության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամները: