11:17 | 23.07.18 | Նորություններ | 9226
ImpactAim աքսելերատորի առաջին փուլի մասնակից 4 ստարտափները մասնակցել են հուլիսի 9-12-ը Հոնկոնգում կայացած RISE 2018 համաժողովին։
Մասնակից ստարտափներն էին Dasaran.am-ը, Sylex AI-ը, WiCastr-ը եւ IIoT Think Lab-ը: Նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է ստացել մեկ օր շարունակ տաղավարում ցուցադրել իր պրոդուկտը եւ նոր կապեր հաստատել:
Dasaran-ը եւ WiCastr-ը ընտրված 70 ստարտափների թվում ներկայացրել են իրենց գործունեությունը համաժողովի մասնակիցներին, ինչի արդյունքում WiCastr-ը դարձել է կիսաեզրափակչի 20 մասնակիցներից մեկը։
Նշենք, որ RISE-ն այս տարի հյուրընկալել է 16 հազ. մասնակցի 102 երկրից, որոնց թվում էին 316 խոսնակներ եւ ավելի քան 450 ներդրողներ: Խոսնակների թվում էին Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը, Didi Chuxing-ի համահիմնադիր Բոբ Չանգը, Grab-ի համահիմնադիր Թան Հուի Լինգը, Amazon-ի տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Վերներ Վոգելսը, Recode-ի գործադիր խմբագիր Կառա Սվիշերը:
ImpactAim վենչուրային աքսելերատորն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ, Impact Hub Yerevan-ի եւ Catalyst Foundation փոխգործակցությամբ: Այն առաջինն է Հայաստանում, որն ուղղված է Կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստող ստարտափների զարգացմանը։
Նշենք, որ մինչ համաժողովը ստարտափներն անցել են չորսամսյա աքսելերացիա՝ Catalyst հիմնադրամի եւ ImpactHub Yerevan-ի աջակցությամբ։