12:06 | 21.07.18 | Նորություններ | 12236
Մեկնարկել է Եվրոպական միության կողմից 5 650 000 եվրո ֆինանսավորում ստացած «ԵՄ-ն Հայաստանին․աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության, որակի, մատչելիության եւ թափանցիկության բարձրացմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, պետական ծառայողների եւ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների միջեւ անմիջական հաղորդակցության նվազեցմանը։
«Թումո» կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին էլեկտրոնային կառավարման բարելավման գործում։
«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հիմնական նպատակը կառավարության եւ քաղաքացիների, տնտեսվարողների միջեւ, ինչպես նաեւ կառավարական մարմինների միջեւ հաղորդակցության միջոցների փոխակերպումն է։ Մենք բարեհաջող կերպով համագործակցում ենք հայ գործընկերների հետ՝ նշանակալի արդյունքներ ձեռք բերելով էլեկտրոնային ծառայությունների բարելավման գործում, որոնք բարձր են գնահատվում քաղաքացիների կողմից։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»,- նշել է նա։
Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան հիշեցրել է, որ ԵՄ-ն 2002-ից ակտիվորեն աջակցել է Հայաստանին տարբեր էլ-կառավարման համակարգերի մշակման եւ գործարկման ժամանակ:
«Դրանց շարքում են «Էլեկտրոնային վիզա»-ն, պետական մարմիններում «Էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգ»-ը, «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ»-ը, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգ»-ը, «Էլեկտրոնային ոստիկանություն», «Էլեկտրոնային նոտար», «Էլեկտրոնային քրեակատարողական ծառայություն», «Էլեկտրոնային ապոստիլ» համակարգերը եւ այլն։ Մենք շարունակում ենք համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ այս ոլորտում, որպեսզի ապահովենք պետական կառավարման թափանցիկությունը, տվյալների ամբողջականությունն ու հաշվետվողականությունը, քանի որ էլեկտրոնային գործիքների ներդրումը եւ առցանց ծառայությունները ոչ միայն բարելավում են Հայաստանի քաղաքացիներին մատուցված ծառայությունների մատչելիությունն ու որակը, այլեւ մեծապես նպաստում են կոռուպցիայի դեմ պայքարին»,- ընդգծել է նա։
«Այսօր մենք հերթական կարեւոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին: Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել: Իսկ կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, եւ, ուրեմն, մեզ համար կարեւոր է կառավարման ոլորտի թվայնացումը եւ մասնավորապես «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագիրը»,- ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ծրագրի շրջանակում իրականացվում է Հայաստանի կառավարության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ստեղծման լայնածավալ նախագիծը, որի համակարգումը ՀՀ կառավարության անունից իրականացնում է «Թվային Հայաստան» հիմնադրամը։
«Թվային Հայաստան» հիմնադրամի» գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը խոսել է Հայաստանի թվային փոխակերպման վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականի մասին։ Նա նաեւ ներկայացրել է մանրամասներ «ԵՄ-ն Հայաստանին․աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի երկու բաղադրիչների մասին՝ «Պետական փոխգործելիության հարթակ» եւ «Մեկ պատուհան համակարգ»։
«Պետական փոխգործելիության հարթակի»-ի գործարկումն ապահովելու է տեղեկատվական հոսքերի եւ տվյալների արագ ու հավաստի, անվտանգ ու արդյունավետ փոխանակումը հանրային կառավարման բոլոր մարմինների միջեւ։
Հարթակի ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը՝ քաղաքացիների համար պարզեցնելով ծառայությունների ստացման ընթացակարգը եւ կրճատելով ժամանակային ծախսերը։
«Մեկ պատուհան» համակարգն էլ կապահովի սահմանային անցման գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչությունների եւ տնտեսվարողների միջեւ տվյալների էլեկտրոնային փոխանակումը։ Դա կնպաստի արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող օպերատորների եւ պետական կառավարման մարմինների միջեւ հաղորդակցության պարզեցմանը, վարչարարության նվազեցմանը եւ գործընթացների արագացմանը։