15:01 | 20.07.18 | Նորություններ | 20517

Beeline-ն ավտոմատ վճարումների ծառայություն է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։

Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, եւ համակարգն ինքնուրույն հաշվեկշռին կփոխանցի նշված գումարը, հենց հաշվեկշռին 50 դրամից պակաս գումար մնա։

Ավտոմատ վճարումը կարելի է ակտիվացնել ընկերության կայքում՝ «Վճարում» բաժնում։ Բաժանորդն իր հայեցողությամբ կարող է նշել գումար, որն ավտոմատ կփոխանցվի բանկային քարտին կցված հեռախոսահամարին։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարը կամ կցված բանկային քարտի տվյալները։

«Լինելով ժամանակակից թվային ընկերություն՝ մենք ուզում ենք մեր բաժանորդների համար ապահովել առավել արդիական ծառայություններ, այդ թվում եւ վճարումներ կատարելու հետ կապված։ Ավտոմատ վճարման հնարավորությունը մեր բաժանորդներին թույլ կտա միշտ կապի մեջ լինել՝ չանհանգստանալով հաշվի վերալիցքավորման մասին, քանի որ համակարգն ինքը կհետեւի, որ հաշվեկշռին միշտ լինի բաժանորդի համար ցանկալի գումարը։ Վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն նման հնարավորությունը, որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի հետ ամեն բան պարզ է եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագծի շրջանակում Ամերիաբանկը vPOS ծրագրային գործիքի միջոցով իրականացրել է բանկային քարտերի ամրակցումը Beeline-ի ինտերնետային կայքին: Այս գործիքի օգտագործումն ապահովում է առցանց գործարքների բարձր անվտանգությունը՝ VbV (Verified by VISA) եւ 3DSecure տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

vPOS ծրագրային գործիքի տեխնոլոգիան բացառում է քարտային տվյալների պահպանումը ինտերնետային կայքերում, բջջային հավելվածներում, ինչը երաշխավորում է գործարքների անվտանգության առավել բարձր մակարդակ: