10:53 | 23.07.18 | Նորություններ | 16403
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Համայնքների զարգացման» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցեն:
Ոռոգման ներքին ցանցի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլեւ Մոզրով բնակավայրի բնակիչները: Ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարեւան բնակավայրի բնակիչների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ FPWC-ն Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015թ.-ից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորության եւ գյուղտեխնիկայի հարցը:
«Գնիշիկում հողերի բերքատվության մասին խոսելն անօգուտ է: Մշակաբույսերը թոշնում են, ծառերն էլ ջրվում են դույլերով, ինչը ոչ միայն ծանր, այլեւ անօգուտ աշխատանք է՝ հատկապես ամռան տապին: Ներքին ցանցի կառուցումը կլուծի 2 բնակավայրի՝ Գնիշիկի եւ Մոզրովի ոռոգման ջրի խնդիրը: Հարեւան գյուղում հնարավոր կլինի նվազագույն ջանքերով առավելագույն օգուտ քաղել: Մոզրովում կա շուրջ 40 հա վարելահող: Կաթիլային ոռոգման եղանակով, հնարավոր կլինի պտղատու ծառեր մշակել կամ խաղողի այգի ստեղծել»,- նշել է Գնիշիկ եւ Մոզրով բնակավայրերի վարչական տարածքի ղեկավար Արա Լեւոնյանը: