14:24 | 29.06.18 | Հոդվածներ | exclusive 162751

Աշխատանքն ու առօրյան Beeline-ում. մաս 2-րդ

Հայաստանում գործում են մեծ թվով ՏՏ եւ հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով:

Itel.am-ն իր այս շարքում փորձում է ներսից բացահայտել այդ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:

«ՎԵՈՆ Արմենիա» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցության ընկերությունը հիմնադրվել է 1995թ. ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ ՀՀ կապի նախարարության որոշմամբ։

2008-ից ընկերությունը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) եւ 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաեւ ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA, ADSL եւ FTTB տեխնոլոգիաներով:

«ՎԵՈՆ Արմենիա»-ն «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Հայաստանյան գրասենյակում շուրջ 2000 մարդ է աշխատում:


Սյուզաննա Ակրիտովա, իրավաբանական տնօրինության դատական եւ վարչական գործերի բաժնի պետ

17 տարի է՝ աշխատում եմ Beeline-ում, արդեն 10 տարի է՝ ղեկավարում եմ այս բաժինը: Թիմը 7 հոգուց է բաղկացած։

Իմ գործառույթներն են՝ ընկերության շահերի ներկայացումը ՀՀ դատարաններում եւ պետական մարմիններում:

Սյուզաննա Ակրիտովան Սյուզաննա Ակրիտովան
photo © Մեդիամաքս


Օրս սկսվում է առավոտյան ժամը 7:00-ին, քանի որ 3 երեխաների մայր եմ:

Ընկերությունում այս տարի ներդրվեցին աշխատանքային նոր պայմաններ. աշխատողները որոշակի ժամանակահատված կարող են աշխատել գրասենյակից դուրս՝ հեռահար: Դա տալիս է ազատության զգացում:

Open space-ի շնորհիվ մենք մեզ ամբողջական թիմ ենք զգում եւ չենք առանձնանում ըստ բաժինների կամ պաշտոնների: Beeline-ն ամբողջական թիմ է, չունենք կոնկրետ անվանական աշխատասեղաններ, յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե որտեղ է իրեն հարմար աշխատել։

Տարեդարձերը եւ այլ հատուկ առիթներ նշելու համար ունենք հարմարավետ ճաշարան։

Սոնա Ավետիսյան, ֆիքսված ծառայությունների գծով ավագ մենեջեր

Beeline-ում աշխատում եմ արդեն 4 տարի։ Մեր թիմը կազմված է 5 հոգուց:

Աշխատանքի եմ ընդունվել վաճառքի սպասարկման գրասենյակում, երկու տարի անց՝ տեղափոխվել մարքեթինգի թիմ: Գործի բերումով առնչվում եմ ընկերության բոլոր բաժինների եւ թիմերի հետ:

Սոնա Ավետիսյանը Սոնա Ավետիսյանը
photo © Մեդիամաքս


Open space-ի շնորհիվ աշխատանքային օրն ընկերությունում անցնում է աշխույժ եւ բուռն: Բոլորը հասանելի են եւ դրա շնորհիվ աշխատանքային պրոցեսը բավական արագ է ընթանում:

Այստեղ չկան ենթակա-ղեկավար հիերարխիկ սահմանափակումներ: Ցանկացած աշխատակից կարող է ղեկավարին անմիջապես դիմել իրեն հուզող հարցով եւ ստանալ պատասխան:

Ժամանցի վայրեր այցելում ենք հիմնականում կոմերցիոն բաժնով, որը մեծ թիմ է՝ շուրջ 50 հոգի:

Beeline-ի ամբողջ անձնակազմով հանդիպում ենք տարին մեկ անգամ՝ կորպորատիվ միջոցառման ժամանակ։

Անի Աբրահամյան, Ռոումինգի տեխնիկական տեստավորման եւ աջակցման առաջատար մասնագետ / Ведущий специалист по техническому тестированию и поддержке роуминга

Beeline-ում աշխատում եմ արդեն 6 տարի: Ռոումինգի մեր թիմը բաղկացած է 6 հոգուց:

Անի Աբրահամյանը Անի Աբրահամյանը
photo © Մեդիամաքս


Պայմանագրեր ենք կնքում տարբեր երկրների օպերատորների հետ, որպեսզի մեր բաժանորդներն իրենց ցանցերում կարողանան օգտվել մեր ծառայություններից եւ հակառակը: Մինչ պայմանագրերի կնքումը, տեղի են ունենում տեխնիկական ստուգումներ, թեստավորումներ, որոնցով ես եմ զբաղվում:

Աշխատանքս ժամը 9:00-ին է սկսվում, շատ դեպքերում, եթե աշխատանքը շատ է, ժամը 18:00-ից հետո էլ ենք մնում եւ աշխատում: Մեր հիմնական նպատակն է այդ օրվա աշխատանքն ավարտին հասցնել:

Հանգստյան օրերին եւ ոչ աշխատանքային ժամերին եւս միշտ հասանելի եմ, քանի որ հնարավոր է ռոումինգում գտնվող բաժանորդները խնդիրներ ունենան եւ իմ աջակցության կարիքը լինի։

Open space-ն ունի իր կանոնները, եւ այդ կանոններին մենք ծանոթացել ենք մինչեւ այս տարածք տեղափոխվելը: Այդ կանոններից մեկն է այն, որ ներս մտնելիս բոլորին պետք չէ առանձին-առանձին բարեւել, այլապես խառնաշփոթ կստեղծվի (ծիծաղում է – խմբ.):

Հովհաննես Կարապետյան, գլխավոր էներգետիկ

Beeline-ում աշխատում եմ 2017թ. դեկտեմբերի 1-ից: Թիմեր ունենք ՀՀ տարբեր շրջաններում։

Աշխատանքային օրս սկսվում է շահագործման շրջաններից տեղեկատվություն ստանալով: Կարելի է ասել, որ իմ աշխատանքային օրը չի էլ ավարտվում, քանի որ տեղեկատվությունը գիշերն էլ է գալիս: Առավոտյան տարբեր ուղղությունների ղեկավարների հետ քննարկումներ ենք իրականացնում:

Հովհաննես Կարապետյանը Հովհաննես Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Beeline-ում ինձ առաջին հերթին գրավում է այն, որ այստեղ չկան կարծրատիպեր, թե ղեկավարն անհասանելի է, կամ որ միշտ ճիշտ է: Այստեղ ցանկացած աշխատող գիտակցում է, որ ինքը պետք է բարիք ստեղծի, նյութական օգուտ տա ընկերությանը:

Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա ես կարեւորում եմ այն, որ Beeline-ը շարժվում է կանաչ քաղաքականության ուղղությամբ: Մոտ ապագայում մեր աշխատանքում ինտեգրելու ենք վերականգնվող էներգետիկայի տեսակներ: Ի դեպ, գրասենյակում արդեն իսկ բոլոր լամպերը լուսադիոդային են:

Ներկայում քայլեր են ձեռնարկվում Beeline-ի ալեհավաքային կայանների, բջջային եւ ֆիքսված կայանների մասով էներգաարդյունավետ լուծումների ինտեգրման ուղղությամբ։

Լալա Հովհաննիսյան, կորպորատիվ վաճառքների գծով ավագ մասնագետ

Beeline-ում աշխատում եմ արդեն 1 տարի: Կորպորատիվ վաճառքների թիմը կազմված է 15 հոգուց:

Գործառույթներս են՝ կորպորատիվ հաճախորդներին ներկայացնել մեր ծառայությունները: Աշխատում ենք ՓՄՁ-ների եւ մեծ բիզնեսների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ։

Լալա Հովհաննիսյանը Լալա Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Իմ հիմնական աշխատանքը գրասենյակից դուրս է՝ անընդհատ հաճախորդների գրասենյակներում հանդիպումների եմ: Գրասենյակում լինում եմ հիմնականում առավոտյան, երբեմն ընդմիջման ժամին եւ հիմնականում երեկոյան՝ օրն ամփոփելու նպատակով։

Beeline-ում աշխատելու առանձնահատկությունն ինձ համար այն է, որ այստեղ չկա լարված գրասենյակային մթնոլորտ: Հանգստանալու եւ աշխատելու պայմանները մեծ առավելություն են, ինչը կարող է աշխատողին նոր էներգիա հաղորդել։ Բոլոր պայմանները ստեղծված են, որ թե՛ աշխատանքն արդյունավետ ընթանա, եւ թե՛ աշխատողը շատ չհոգնի եւ իրեն լավ զգա:

Նարինե Դանեղյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի