09:06 | 22.06.18 | Հոդվածներ | exclusive 163621

Աշխատանքն ու առօրյան Beeline-ում. մաս 1-ին

Հայաստանում գործում են մեծ թվով ՏՏ եւ հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով:

Itel.am-ն իր այս շարքում փորձում է ներսից բացահայտել այդ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:

«ՎԵՈՆ Արմենիա» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցության ընկերությունը հիմնադրվել է 1995թ. ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ ՀՀ կապի նախարարության որոշմամբ։

2008-ից ընկերությունը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է GSM 900/1800, 3G (UMTS) եւ 4G (LTE), ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաեւ ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA, ADSL եւ FTTB տեխնոլոգիաներով:

«ՎԵՈՆ Արմենիա»-ն «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Հայաստանյան գրասենյակում շուրջ 2000 մարդ է աշխատում:

Անդրեյ Պյատախին, Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն

Սովորաբար գրասենյակում եմ լինում 8:30-ին: Ես եւս նստում եմ open space-ում: Սիրում եմ առավոտները, երբ գրասենյակում քիչ մարդ է լինում եւ ավելի հեշտ է թարմ ուղեղով աշխատել:

Իմ օրվա գրաֆիկը կազմում է օգնականս՝ Իրինան: Յուրաքանչյուր աշխատակից, որը ցանկանում է ինձ հետ հանդիպել, դիմում է Իրինային: Ամեն առավոտ նախապես ծանոթանում եմ գրաֆիկին եւ պատկերացում կազմում առաջիկա օրվա անելիքներիս մասին:

Անդրեյ Պյատախինը Անդրեյ Պյատախինը
photo © Մեդիամաքս

Աշխատում եմ այնպես անել, որ ամենաբարդ հանդիպումներն առավոտյան լինեն: Փորձում եմ անգամ ճաշի ժամն օգտագործել քննարկումների նպատակով:

Եթե ազատ ժամանակ եմ ունենում հանդիպումների արանքում, վերցնում եմ հայերենի բառարանը եւ շարունակում լեզուն սովորել: Բարդ է ստացվում, բայց փորձում եմ (ժպտում է – խմբ.): Ամեն առավոտ բոլորին հայերենով բարեւում եմ:

Ամստերդամի գրասենյակի հետ զանգ ունենալու օրերին, ժամային տարբերության պատճառով, հնարավոր է՝ գրասենյակում մնամ մինչեւ ժամը 20:00-ը, իսկ ձմռանը՝ մինչեւ 21:00-ը: Այնպես որ, բարդ է ասել, թե երբ է ավարտվում իմ աշխատանքային օրը:

Եթե ազատ ժամանակ եմ ունենում, հաճախում եմ ֆիթնեսի: Առավոտյան մինչ աշխատանքը, թենիս եմ խաղում: Ճիշտ է, բարդ է ամեն առավոտ այդքան վաղ արթնանալ, բայց շատ բան եմ ցանկանում հասցնել:

Փորձում եմ օրական գոնե 7 ժամ քնել, բայց դա ոչ միշտ է ստացվում: Երկար քնելու համար գոյություն ունեն հանգստյան օրեր: Սակայն աշխատանքի մասին մտածում եմ թե՛ հանգստյան օրերին, թե՛ գիշերը:

Կարելի է ասել, որ չեմ մտածում գործի մասին, երբ մեքենայի ղեկին եմ, եւ երբ սպորտով եմ զբաղվում, դրա համար էլ այդ երկու գործողությունները շատ եմ սիրում (ծիծաղում է -խմբ.):

Անդրեյ Պյատախինը Անդրեյ Պյատախինը
photo © Մեդիամաքս

Երբ արձակուրդում եմ լինում, փորձում եմ ֆիզիկապես հեռանալ երկրից, քանի որ մնալու դեպքում նորից աշխատանքի եմ գալու: Պետք է կարողանալ պարբերաբար կտրվել աշխատանքից, դա օգնում է ավելի արդյունավետ աշխատել:

Սոցցանցում օրական ամենաքիչը 1 ժամ եմ անցկացնում: Ընթերցանության վրա, ցավոք, ավելի քիչ ժամանակ եմ ծախսում, որի բացը փորձում եմ լրացնել հանգստյան օրերին:

Ստեղծել ենք open space աշխատանքային միջավայր, որտեղ բոլորս աշխատում ենք հավասար պայմաններում: Դա ինձ շատ է դուր գալիս: Open space-ի հիմնական բացասական կողմը, իհարկե, աղմուկն է, իսկ դրական կողմը՝ ինֆորմացիայի արագ տարածումը: Կարող ես արագ գտնել այն աշխատակցին, որը քեզ պետք է այդ պահին: Ամեն ինչ տեսանելի է, թափանցիկ:

Կարծում եմ, որ open space-ը լավ բան է, եւ դրան սովորել է պետք:

Արուս Մկրտումյան, ընդհանուր բաժնի պետ

Beeline-ում աշխատում եմ 10 տարի, այս բաժնի ղեկավարն են արդեն 6 տարի: Պատասխանատու եմ ամբողջ ընկերության փաստաթղթաշրջանառության կառավարման, գործարար ուղեւորությունների, արխիվի համար: Իմ ենթակայության ներքո աշխատում է 9 հոգի:

Արուս Մկրտումյանը Արուս Մկրտումյանը
photo © Մեդիամաքս

Աշխատանքային օրը մեզ համար տարբեր է սկսվում, կան օրեր, երբ տանից եմ աշխատում, քանի որ մեզ մոտ ներդրվել է Be free համակարգը: Այն ենթադրում է ազատ աշխատանքային գրաֆիկ: Նախապես պայմանավորված լինելով ղեկավարիս հետ՝ կարող եմ հեռահար միանալ կորպորատիվ ցանցին, եւ այլ վայրից առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ աշխատել:

Ֆիքսված տեղեր գրասենյակում չկան, կարող ենք նստել թե՛ սեղանների մոտ, թե՛ բազմոցներին:

Ընկերությունում գործում են առողջապահական եւ ճամփորդական ապահովագրության փաթեթներ:

Beeline-ը կայուն ընկերություն է, խոշոր հարկատու: Շարունակ աճում ես այստեղ:

Ընկերությունը լավ հնարավորություն է ընձեռում երիտասարդ կադրերին: Ես, օրինակ, Beeline-ում կարիերաս սկսել եմ թարգմանչի աշխատանքից:

Սոնա Հովհաննիսյան, Beeline համալսարան Հայաստանի ղեկավար

Ընկերությունում աշխատում եմ ավելի քան 10 տարի: Մեր թիմը բաղկացած է 4 հոգուց, եւս 20-ը թրեյներներ են:

Beeline-ի աշխատակիցներին տրամադրում ենք ուսման եւ զարգացման բազմազան ծրագրեր, ինչպես նաեւ այլընտրանքային ուսուցման մեթոդներ:

Սոնա Հովհաննիսյանը Սոնա Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս

Ինքնազարգացումն ընկերությունում այսօր ռազմավարական ուղղություն է, որպեսզի աշխատողներն իրենք ընտրեն իրենց նախընտրած զարգացման մեթոդները:

Թրեյնինգներից բացի, մեր ընկերությունում կան ուսուցման եւ զարգացման շատ տեխնոլոգիաներ, որոնք ուղղված են ինտերակտիվ մեթոդների զարգացմանն ու ինքնազարգացմանը: Օրինակ, աշխատողները կարողանում են մեր կողմից տրված գործիքներով ինքնաուսուցանվել՝ Coursera-ի, Lynda-ի եւ այլ հարթակների միջոցով:

Կազմում ենք ուսուցման եւ զարգացման տարեկան պլան, որի շրջանակում խնդրում ենք, որ բոլոր աշխատողներն իրենց բիզնես նպատակներին համահունչ նշեն այն բոլոր ուղղությունները, որոնցում կցանկանային զարգանալ: Տրամադրված արդյունքներին համապատասխան՝ առաջարկում ենք դասընթացներ:

Եթե աշխատակցին ինչ-որ խոր գիտելիքներ են անհրաժեշտ, որոնք մենք չենք կարող տրամադրել, սակայն ընկերությունը դրա կարիքը ունի, ապա տվյալ աշխատակցին գործուղում ենք արտերկիր: Դասընթացների ավարտին նրանք գալիս են, մյուս աշխատակիցների հետ կիսվում իրենց փորձով: Խոսքը ոչ միայն կարճ դասընթացների մասին է, այլեւ, օրինակ, MBA ծրագրերի մասին: 

Դավիթ Տոնոյան, վերլուծությունների եւ բիզնես պլանավորման գծով փորձագետ

Մեկ ու կես տարի է՝ աշխատում եմ ընկերությունում: Զբաղվում եմ բիզնեսի, հիմնականում՝ եկամուտների, բյուջեի կազմման, վերլուծության հարցերով: Կոմերցիոն բաժինը տեղակայված է նույն հարկում, փորձում ենք բոլորով իրար մոտ նստել, որպեսզի աշխատելն ավելի հարմար լինի:

Դավիթ Տոնոյանը Դավիթ Տոնոյանը
photo © Մեդիամաքս

Ինչ վերաբերում է հանգստին, ապա շենքի 9-րդ հարկում, օրինակ, սեղանի թենիս ունենք: Շաբաթվա ընթացքում փորձում ենք թենիս խաղալով լիցքաթափվել:

Շուշան Մարգարյան, B2C մարքեթինգ

3 ամիս է, ինչ աշխատում եմ Beeline-ում: Հիմնական գործառույթներիս թվում է անհատ հաճախորդների մոտ Beeline-ի իմիջը հնարավորինս բարձրացնելը եւ ընկերության պրոդուկտների զարգացմանը նպաստելը:

Շուշան Մարգարյանը Շուշան Մարգարյանը
photo © Մեդիամաքս

Նախկինում աշխատել եմ տարբեր ընկերություններում, սակայն Beeline-ը շատ խոշոր է, որից բխում են մի շարք առանձնահատկություններ: Տարածքում կարող են նստել մեծ թվով մարդիկ, ինչն արդեն յուրահատկություն է աշխատանքային փոխհարաբերությունում եւ նպաստում է, որ աշխատողը լարված չլինի:

Թիմով հաճախ ենք փաբեր, ակումբներ այցելում:

Ղեկավարությունը մշտապես խրախուսում է աշխատակիցների յուրաքանչյուր նոր գաղափարը կամ առաջարկը:

Նարինե Դանեղյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի