15:40 | 25.06.18 | Նորություններ | 22052

SmartGateVC-ն ներդրում է կատարել Facehub ստարտափում

SmartGateVC հիմնադրամը ներդրում է կատարել Facehub ստարտափում, որի մշակած հավելվածը հնարավորություն է տալիս դեմքի արտահայտությունները փոխարինել տարբեր դիմակներով:

Հավելվածն աշխատում է մեքենայական ուսուցման ալգորիթմների հիման վրա:

Ներկայում հասանելի է Facehub-ի iOS տարբերակը:

Facehub-ի համահիմնադիր Գարիկ Ավետիսյանի խոսքով՝ հավելվածը հնարավորություն է տալիս շրթունքների սինխրոնացման տեխնոլոգիայի միջոցով խոսել, ծիծաղել եւ դեմքի տարբեր արտահայտություններ անել, որոնք կարտացոլվեն իրական ժամանակում:

 

«Facehub-ը հնարավորություն է տալիս ավելի քան ուղղակի զվարճալի էմոջիներ ստանալ: Օգտատերերը կարող են ավելացնել դեմքի ցանկացած լուսանկար եւ արտացոլել այդ դեմքի արտահայտությունը մեկ այլ դեմքի վրա»,- նշել է նա:

«Հպարտ ենք սատարել Հայաստանում արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող ամենաուժեղ թիմերից մեկին։ Սկսելով որպես զվարճանքի համար ստեղծված հավելված՝առկա տեխնոլոգիան կարող է օգտագործվել բազմաթիվ այլ դեպքերում, ինչպես օրինակ ֆեյք վիդեոների դեմ պայքարում»,- նշել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

«Ուրախ եմ աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնք առաջինն են աշխարհում անում յուրահատուկ բան»,- ասել է SmartGateVC-ի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը:

SmartGateVC-ի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանն էլ հավելել է, որ Facehub-ի տեխնոլոգիան արհեստական բանականության ժամանակին համահունչ է:

$3 մլն թիրախային կապիտալով SmartGateVC հիմնադրամը մինչեւ $100 հազ. ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, անվտանգությունը եւ իրերի ինտերնետը:

Հիմնադրամը փետրվարի վերջին հայտարարեց, որ ներդրում է ստացել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերից, որը Skype, Baidu, Hotmail եւ Tesla ընկերություններում առաջին ներդրողներից է: Երեւանում ֆոնդը գործում է Hero House քովորքինգ տարածքում: