15:50 | 10.04.18 | Նորություններ | 32439

«Ռոստելեկոմ»-ն ու Onex-ը համատեղ նոր առաջարկ են ներկայացրել

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում եւ Onex-ը ներկայացնում են նոր համատեղ առաջարկ երկու ընկերությունների բաժանորդների համար։

Առաջարկի շրջանակում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները Onex ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, իսկ Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։

«Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Համագործակցելով Onex-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվելու բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով եւ միեւնույն ժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի եւ սպասարկման սրահներ Երեւանում եւ մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ եւ արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Երկու ընկերությունների համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2017-ին, երբ «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի եւ սպասարկման սրահներ սկսեցին տրամադրել Onex-ի միջոցով պատվիրված փաթեթները:

«Onex ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել եւ տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր լոյալությունը դրա վառ ապացույցն է։ Այս համագործակցությունը հերթական կարեւորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, որ կգրավի ինչպես մեր, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ»,- նշել է Onex ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։