14:46 | 10.04.18 | Նորություններ | 8864

Հայտնի են զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոնի հաղթողները

Հայտնի են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ապրիլի 7-8-ը կայացած «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» հաքաթոնի հաղթողները:

Մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի հաղթողների համար սահմանվել են 2 000 000 դրամ, 1 200 000 դրամ եւ 750 000 դրամ մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով:

Ստորեւ ներկայացնում ենք հաղթող թիմերին:

In the fly (Fly tour) – Գյումրի

Նախագիծը ենթադրում է հեռակառավարվող թռչող ինքնաթիռների միջոցով տուրերի կազմակերպում Շիրակի եւ Լոռու մարզերի (հետագայում նախատեսվում է ընդգրկել այլ մարզեր եւս) գեղատեսիլ վայրերում։

Տուրերը (ցանկության դեպքում) կներառեն նաեւ զբոսաշրջիկների համար վարպետության դասեր, որոնց ժամանակ զբոսաշրջիկներն իրենց ձեռքով կպատրաստեն որեւէ պարզ մոդել եւ կվերցնեն իրենց հետ։ Նախագծի հիմնական մեխը լինելու են հեռակառավարվող ինքնաթիռները, որոնց վրա տեղադրված են տեսախցիկներ՝ թռչնի թռիչքի բարձրությունից տեսնելու պատմամշակութային կոթողները, բնության գեղատեսիլ վայրերը՝ կիրճեր, լճեր, անտառներ եւ գույնզգույն դաշտեր։ Ավելի տպավորիչ դարձնելու համար թիմը նախատեսում է ունենալ նաեւ հեռակառավարվող ակնոցներ (First Person View):

Destination – Վանաձոր

Զբոսաշրջիկները սիրում են արկածներ, երբ այցելում են նոր քաղաք կամ երկիր: Բայց երբեմն շատ ծախսատար է լավ ճանապարհորդություն կազմակերպելը: Թիմը մշակում է մոբայլ հավելված, որը հնարավորություն կտա զբոսաշրջիկին ցանկացած ճանապարհորդություն վերածել հետաքրքիր քվեստ խաղի:

Քվեստը ինտերակտիվ խաղ է, որն ունի սյուժետային գիծ: Այն հատուկ կառուցված տարածքում ժամանցային թիմային խաղ է, որի ժամանակ անհրաժեշտ է կիրառել տրամաբանություն, հնարամտություն եւ կոորդինացիա, որպեսզի լուծել տարբեր տեսակի գլուխկոտրուկներ եւ տրամաբանական առաջադրանքներ:

Hi Traveller – Վանաձոր

Թիմը մշակում է Hi Traveler Pocket guide մոբայլ հավելված: Այն նախատեսված է ճանապարհորդների համար, որոնք ցանկանում են ինքնուրույն ճանապարհորդել եւ գրպանում ունենալ եռալեզու գիդ: Դրա առանձնահատկությունը լինելու է native speaker-ների կողմից կարդացվող աուդիո ինֆորմացիան, որը համապատասխան QR կոդի միջոցով հնարավոր կլինի տեղում ներբեռնել:

Հավելվածը կենթադրի նաեւ ճանապարհորդի համար օգտակար ինֆորմացիայի հասանելիություն, ինչպես նաեւ հատուկ ներդրված ֆունկցիայի միջոցով հնարավոր կլինի ստեղծել սեփական ճանապարհորդության «հետագիծը»՝ կարճ տեսանյութերով, նկարներով ու մեկնաբանություններով:

***

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր հերթին Լավագույն տեխնոլոգիական լուծում (1 000 000 դրամ) անվանակարգում հաղթող է ճանաչել Octopus թիմին՝ Երեւանից:

Լոռու Մարզպետարանն էլ Լոռու մարզում տուրիզմը զարգացնելու համար լավագույն գաղափար է ճանաչել (մրցանակը՝ դյուրակիր համակարգիչ) Երեւանից Boo Mountain Bike Park թիմին, որը գործելու է Վանաձորում:

Հաքաթոնը կազմակերպել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ:

Մրցույթի իրականացմանն աջակցել է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: